ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՌԴ ԴՐՈՇՈՎ ՆԱՎԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՄՆ
Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին։ Հանդիպումից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել է Կիևին 800 միլիոն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին, որը ներառում է տասնյակ հաուբիցներ, մարտավարական անօդաչու թռչող սարքեր, ծանր հրետանի և 140 000-ից ավելի արկ։
«Հաջորդ շաբաթ անձամբ Կոնգրեսից լրացուցիչ միջոցներ կխնդրեմ Կիևին ռազմական օգնություն տրամադրելու համար», - հավելել է ԱՄՆ նախագահը։
Վաշինգտոնը նաև 500 միլիոն դոլարի ուղղակի տնտեսական օգնություն կցուցաբերի և կշարունակի հետախուզական տվյալներ փոխանցել Կիևին։
Բայդենը նաև տեղեկացրել է, որ արգելվում է ռուսական դրոշի ներքո նավերի մուտքն ԱՄՆ նավահանգիստներ։
«Մենք ի վիճակի ենք երկար ժամանակ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, սակայն կշարունակի՞ արդյոք Արևմուտքը հակառուսական պատժամիջոցներ կիրառել»,- մտահոգություն է հայտնել Սպիտակ տան ղեկավարը։
Բայդենը նաև ասել է, որ դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք Ռուսաստանն ամբողջությամբ վերահսկում է Մարիուպոլը:
Վաշինգտոնից հայտնում են նաև` ԱՄՆ-ն ակտիվորեն մրցելու է Պեկինի հետ՝ փորձելով ուղիղ հակամարտության մեջ չմտնել Չինաստանի հետ։
ՊՈՒՏԻՆԸ ԴԵՄ Է ՄԱՐԻՈՒՊՈԼԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳՐՈՀԻՆ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է Մարիուպոլ քաղաքի հանդեպ ամբողջական վերահսկողություն սահմանելու մասին։ Նրա խոսքով՝ քաղաքի շրջափակման պահին Ուկրաինայի զինված ուժերի և օտարերկրյա վարձկանների թիվը եղել է մոտ 8100։ Ըստ նախարարի՝ չեզոքացվել է ավելի քան 4000 զինվորական, հանձնվել՝ 1400-ը:
Շոյգուն նաև հայտնել է, որ «Ազովստալ» գործարանի տարածքում արգելափակվել է ավելի քան 2 հազար զինյալ։
««Ազովստալի» օպերացիան ավարտելու համար կպահանջվի 3-4 օր»,- նշել է նախարարը։
Վլադիմիր Պուտինը նպատակահարմար չի համարել Մարիուպոլի արդյունաբերական գոտին գրոհելը:
«Հրամայում եմ դադարեցնել»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը և պահանջել արգելափակել «Ազովստալը»։
Երկրի պաշտպանական գերատեսչությունից հայտնել են նաև, որ Ռուսաստանի և Լուգանսկի զորքերը ամբողջական վերահսկողություն են հաստատել նաև Կրեմեննայա քաղաքի նկատմամբ, որը, նախարարության տվյալով, ռազմավարական կարևոր կետ է Դոնբասի առաջնագծում:
Միաժամանակ, Ուկրաինայի Գերագույն ռադան ևս 30 օրով երկարաձգել է ռազմական դրությունը:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՊԱՇՐՋԱՓԱԿԵԼ ՄԱՐԻՈՒՊՈԼԸ
Ուկրաինայի զինված ուժերը չեն կարողանում ապաշրջափակել Մարիուպոլը, հայտարարել է Վոլոդիմիր Զելինսկին:
«Մենք չգիտենք՝ քանի ժամ կամ օր ռուսական ուժերը կարող են այնտեղ մնալ։ Ռուսաստանի ռազմական տեխնիկան մեզ թույլ չի տալիս առաջ շարժվել»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին չի բացառել ռազմական ճանապարհով Մարիուպոլը ապաշրջափակելու հավանականությունը։
Նա նշել է նաև, որ պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, պահանջել ռուսական կողմից հանդիպման օր ու վայր նշել։
«Ռուսաստանին մենք չենք վստահում, բայց կհանդիպենք, կհասկանանք՝ պատերազմն ավարտելու հնարավորություն կա՞, թե՞ ոչ», - պարզաբանել է նա։
Զելենսկին հայտնել է, որ Պուտինի հետ պատրաստ կլինի քննարկել Ղրիմի, Դոնբասի և ռուսական զորքերի հետքաշման հարցերը, շեշտել՝ հանդիպումից առաջ Ռուսաստանը նույնպես պետք է որոշակի միջանկյալ քայլեր ձեռնարկի և դադարեցնի ռազմական գործողությունը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Մոսկվան պատրաստ է Կիևի հետ ցանկացած մակարդակով շփումների։ Սակայն դրանք, ըստ գերատեսչության, պետք է լինեն լավ նախապատրաստված և բովանդակալից։
ՄՈՍԿՎԱՆ ԿԻԵՎԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԻՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողությունն ընթանում է ըստ ժամանակացույցի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։
«Պաշտպանության նախարարը զեկուցել է, որ Մարիուպոլը գրավելուց հետո քաղաքում խաղաղ կյանք հաստատելու հնարավորություն է ստեղծվել»,- նշել է Դմիտրի Պեսկովը։
Նա անդրադարձել է ռուս-ուկրաինական բանակցություններին, հայտնել, որ բանակցողների թիմերը չեն փոխվել, աշխատանքներում ներգրավված են նաև փորձագետներ՝ հնարավոր խաղաղության պայմանագրի համար համապատասխան ձևակերպուներ մշակելու նպատակով։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանն արդեն Կիևին է ներկայացրել իր գրավոր առաջարկները։
«Չնայած լսել եք նախագահ Զելենսկու հայտարարությունը, թե նա ոչ մի փաստաթուղթ չի ստացել։ Որոշակի հարցեր են առաջանում՝ ինչո՞ւ նրան չեն զեկուցում մեր առաջարկների մասին»,- մտահոգություն է հայտնել պաշտոնյան։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել էր, որ ուկրաինական կողմը ստացել է և կծանոթանա ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման վերաբերյալ Մոսկվայի առաջարկներին։