Ապրիլի 23-ին՝ գիշերը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ծիծեռնակաբերդում կհնչի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը», որն ուղիղ միացմամբ կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ: Մոցարտի «Ռեքվիեմը» կհնչի նաև ապրիլի 24-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Բոլոր ժամանակների այս ազդեցիկ և գեղեցկագույն հոգեհանգստյան մեսսայի մենակատարներն են աշխարհահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Աննա Սամուիլը, անվանի բաս Թոբիաս Բերնդտը, երիտասարդ, տաղանդավոր մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանն ու տենոր Տիգրան Մելքոնյանը։
«Ռեքվիեմը» կհնչի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) և Ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) կատարմամբ։ Այն կղեկավարի ավստրիացի անվանի դիրիժոր Գյունտեր Նոյհոլդը:
Ապրիլի 23-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Almazian Productions-ի և Օնտարիոյի ֆիլհարմոնիկի համագործակցությամբ Կանադայում՝ Օնտարիոյի ‹‹Ռեգենտ›› թատրոնում (Regent Theatre Oshawa), նույնպես կկայանա համերգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների: Համերգին կմասնակցի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Համերգի ընթացքում տեղի կունենա հայ ժամանակակից կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Անապատի հարսը» բալետի սյուիտի համաշխարհային պրեմիերան։ Հյուրընկալող կողմը նվագախմբի կայքում գրել է, որ հայերը 1915 թվականին սարսափելի ցեղասպանություն են վերապրել, և անդրադառնալով այդ պատմական իրողությանը՝ Օնտարիոյի ֆիլհարմոնիկը պատիվ ունի ներկայացնելու Վաչե Շարաֆյանի ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը գրվել է հատուկ այդ առիթով՝ հիշատակելով Հայոց պատմության ամենաողբերգական էջը։
Երաժշտության հիմքում ընկած պատմությունը վերցված է ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանի ինքնակենսագրական պոեմներից։ Դա մի հայ ընտանիքի պատմություն է, որը 1915 թվականին անցել է Հայոց ցեղասպանության արհավիրքների միջով: Բալետի վերջին տեսարանում հանդերձյալ աշխարհից հնչում է «անապատի հարսի» ուղերձը, որը կընթերցի հոլիվուդյան հայտնի դերասանուհի Բեատա Պոզնյակը։ «Անապատի հարսը» խորհրդանշում է Դեր Զորի անապատում խոշտանգված, սպանված միլիոնավոր հայերին: Ստեղծագործությունը եզրափակվում է բանաստեղծությամբ, որտեղ «հարսը» հույս է հայտնում, որ հարսանեկան սովորության համաձայն՝ իր ուսի վրայով նետած ծաղկեփունջը կվերանա տիեզերքի սև խոռոչում, և այն այլևս ոչ մեկին բաժին չի հասնի:
Դա հայ ազգի մարդասիրական ուղերձն է աշխարհին՝ արթնանալ, դատապարտել ահավոր ցեղասպանական մտքերը, քաղաքականությունը և համախմբել մարդկային ջանքերը, որպեսզի ապագայում իսկապես կարողանանք կանխել և ընդմիշտ կասեցնել մարդկության պատմության նմանօրինակ սարսափելի երևույթները։