Էլեկտրամոբիլի ներմուծումը կրկին անմաքս է: Կառավարության որոշումն ուժի մեջ է մտել ապրիլի 16-ին: Այս տարվա ընթացքում 0 տոկոս մաքսատուրքով թույլատրվում է մեր երկիր բերել էլեկտրական շարժիչով 6400 տրանսպորտային միջոց:
Շուշանիկ Հարությունյան (ՊԵԿ մաքսային հսկողության վարչության ապրանքների դասակարգման և սակագնային կարգավորման բաժնի գլխավոր տեսուչ) - Արտոնության կիրառման նպատակով հայտարարատուն ՀՀ իր տրանսպորտային միջոցի ժամանելուց հետո համապատասխան մաքսային մարմին է ներկայացնում մաքսային հայտարարագիրը: Մինչև 6400 հատի լրանալը ՀՀ տրանսպորտային միջոցներ ներմուծելու պարագայում մաքսային մարմինն ընդունում է գրանցումը, և արտոնությունը կիրառվում է:
Որոշումը ունի նաև հետադարձ ուժ: Ֆիզիկական անձանց համար արտոնություն է տրամադրվում հունվարի 1-ից հետո ներկրված տրանսպորտային միջոցների համար, իրավաբանական անձնանց պարագայում՝ մարտի 31-ից հետո: Այս ժամկետներում ներկրած քաղաքացիների վճարած տուրքերը պետությունը կվերադարձնի: Սահմանված քվոտայի լրանալուց հետո արտոնություն չի տրամադրվի, և եթե քաղաքացին բերել է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, ապա ստիպված կլինի մաքսազերծել 15 տոկոս դրույքաչափով:
Չի կարելի նաև նախապես հայտարարագրել: Քվոտան սպառվելիս միաժամանակ հայտարարագիր ներկայացրածներից արտոնությունը կտրվի նրանց, ովքեր ավելի շուտ են ներկրել մեքենան:
Նման արտոնություն գործում էր նաև մինչև 2022 թվականը: Այս տարվանից ԵԱՏՄ կանոնակարգով կանաչ տրանսպորտը սկսեցին մաքսազերծել: ԵՏՀ-ն, սակայն, մարտի 17-ին փոխեց որոշումը` անդամ երկրներին տրամադրելով քվոտաներ: Հայաստանի համար 2022 թվականի չափաքանակը 7000-ն է, սակայն կառավարությունը որոշեց 6400-ին տրամադրել արտոնությունը, 600-ը թողնելով նոր մեքենաների համար՝ ավտոսրահներին:
Շուշանիկ Հարությունյան - Ներմուծված տրանսպորտային միջոցների նկատմամբ արտոնություն չի կարող տրամադրվել ՌԴ քաղաքացիներին և ՌԴ-ում մշտական բնակություն ունեցող անձանց տրանսպորտային միջոցը տիրապետելու, տնօրինելու կամ օգտագործելու նպատակով տրամադրելու համար:
Փաստացի, ներկրված կանաչ տրանսպորտը կարող է արտոնությամբ 0 տոկոսով մաքսազերծվել, եթե շահագործվելու է Հայաստանում կամ արտահանվելու է ԵԱՏՄ այլ երկրներ, բացի Ռուսաստանից:
Ռուսաստանցիները ստիպված կլինեն տրանսպորտը մաքսազերծել: Արտոնությունը կգործի նաև 2023-ին. այս դեպքում ևս քվոտա կա սահմանված՝ 8000 տրանսպորտային միջոց:
Շուշանիկ Հարությունյան - Մաքսատուրքը արտոնությունից օգտվում է, ավելացված արժեքի հարկի վճարումից ազատված է, վճարում է պետական տուրք՝ սահմանված մաքսային հայտարարագիր ներկայացնելու հետ կապված փաստաթղթային պետական տուրք, և եթե 5 տարի և ավել հնության մեքենա է՝ բնապահպանական հարկ՝ ըստ տարիների հնության:
2017-ին ներմուծվել է 32 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, 2018-ին՝ 5, 19-ին 162: 2020-ին ներմուծվել է 351 կանաչ տրանսպորտ, 2021-ին՝ 1894: Այս տարվա առաջին եռամսյակում ներկրվել է 414 տրանսպորտային միջոց: