Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Երկիր մոլորակի օրը։ 2022 թվականի օրվա կարգախոսն է` «Ներդրումներ կատարենք մեր մոլորակում»։
Այս տոնը քաղաքացիական նախաձեռնության արդյունք է, որի նպատակն է մարդկանց ուշադրությունը սևեռել, շրջակա միջավայրի պահպանության և մեր մոլորակի խնդիրների վրա, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, ջրային ռեսուրսների կառավարումը, անտառաշերտերի վերականգնումը և պահպանվող տարածքների կառավարումը` նշված է Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրությունում:
Երկրի օրը առաջին անգամ նշվել է որպես ժամանակակից բնապահպանական շարժման մեկնարկ, իսկ այժմ այն ճանաչվում է որպես մոլորակի ամենամեծ քաղաքացիական իրադարձություն:
1970-ին Երկրի օրը նշելը գործողությունների ալիք առաջացրեց, այդ թվում՝ ԱՄՆ-ում բնապահպանական կարևոր օրենքների ընդունմամբ. մաքուր օդի, մաքուր ջրի և վտանգված տեսակների մասին օրենքները ստեղծվեցին ի պատասխան այդ օրվա: Շատ երկրներ ևս շուտով ընդունեցին նման օրենքներ:
Երկրի օրը մինչ օրս էլ կարևոր նշանակություն ունի: 2016 թ. ՄԱԿ-ը ընտրեց Երկրի օրը որպես օր, երբ փարիզյան պատմական կլիմայական համաձայնագիրն ուժի մեջ մտավ:
Այս օրը հիանալի առիթ է խորհելու այն մասին, թե ինչպես կարելի է շրջակա միջավայրը դարձնել ավելի կանաչ, մաքուր ու առողջ։
Հայաստանը ևս անմասն չէ բնապահպանական խնդիրներից, որոնց վրա պետք է սևեռել հանրության ուշադրությունը, և որոնց լուծման ուղղությամբ պետք է համատեղել բոլոր ջանքերը։