«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի Հայաստանի ներկայացուցչին ու նրա երգը օտարերկրյա հանդիսատեսն արդեն հասցրել է սիրել: Ռոզա Լինը տարբեր երկրներում ունեցած ելույթներից ստացել է լավ արձագանքներ, ջերմ ընդունելություն։ Ամստերդամում նախ զարմացել է, ապա՝ մոտիվացվել։
Ռոզա Լին («Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ) - Դահլիճը հետս երգեց Սնեփը։ Չէի սպասում, որ բոլորը սիրում են այդ երգը ու հետս կերգեն։
Մրցույթին պատվով ներկայանալու համար հիմա բուռն աշխատանքային շրջան է։ Վերադարձից հետո հագեցած գրաֆիկով աշխատում են՝ փորձեր, վոկալի դասեր, բլոգերների, երկրպագուների հետ հանդիպումներ, հարցազրույցներ, սոցիալական մեդիայի համար նյութերի պատրաստում ու տարբեր այցեր:
Ռոզա Լին - Բեմադրությունն ենք փորձում արդեն։ Գիտենք՝ ինչ է լինելու։ Շորերն ենք փորձելու՝ հասկանանք՝ ինչ եմ հագնելու։ Ահավոր զբաղված ենք, բայց պոզիտիվ ու անհամբեր:
Հայ հանդիսատեսը ևս երգչուհուն դիմավորում է շատ ջերմ։
Ռոզա Լինը Մայր բուհի ուսանողներին խորհուրդ է տալիս հավատալ երազանքներին, չընկճվել դժվարություններից ու գնալ առաջ։ Երգի մասին ասում է՝ վատ օրը լավ երգի ստեղծման պատճառ դարձավ:
Ռոզա Լին - Ստեղծագործելիս չեմ պայքարում տխրության դեմ։ Մեկ-մեկ ուրախանում եմ, որովհետև եթե պետք է տխուր լինեմ, ուրեմն պետք է տխուր լինեմ, որ այդ երգը գրեմ։
Հանդիպումը հուզեց երկու կողմին էլ։ Վանաձորցի երիտասարդ աղջկա հաջողության պատմությունը մոտիվացնող է։ Ուսանողները հետաքրքրվում են, թե ինչպես է Հանրային հեռուստաընկերությունը ընտրել հենց Ռոզա Լինին:
Աննա Օհանյան (Հանրային հեռուստաընկերության Հանրային կապերի և թվային հաղորդակցության ղեկավար) - Եվրոպական նման մեծ պլատֆորմում հայտնվելու համար չկան նախապայմաններ, նախապաշարմունքներ, որոնց մասին կարող եք մտածել։ Մի՛ վախեցեք ձեր երազանքներից, որովհետև Ռոզան էլ հունվար ամսին չէր մտածում, որ երգելու է մայիս ամսին։
Երգչուհին չասաց` ինչպես է ներկայանալու «Եվրատեսիլին», միայն նշեց, որ բեմում սպիտակ գույնը գերակշռելու է։ Մրցույթն անցկացվելու է Թուրինում։ Մեր պատվիրակը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում՝ մայիսի 10-ին, վերջինը: Իր խոսքով՝ «Եվրատեսիլը» արտիստի համար վերջը չէ, իր համար միայն սկիզբն է: Գտնելու է իր երաժշտությունը սիրողներին ու ստեղծագործի հենց նրանց համար:
Հեղինակ` Անի Ավագյան