ՌԴ նախագահի հետ բանակցությունների արդյունքներից մեկը ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի կարևորության ընդգծումն էր՝ սրանից բխող քաղաքական հետևանքներով: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե արձանագրենք, որ մոսկովյան այցին նախորդող օրերին Հայաստան էին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահողները, կարող ենք ասել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն: Մենք հստակ տեսնում ենք, որ համանախագահող բոլոր երկրները ԼՂ կարգավորման իրենց մանդատին հավատարիմ են մնում, չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները համանախագահողների համատեղ գործունեության համար դժվարություններ են ստեղծել:
Բայց առավել ևս այն, որ նույնիսկ այս պայմաններում համանախագահները գործում են, այցելություններ են իրականացնում տարածաշրջան և քաղաքական մակարդակով արձանագրում են իրենց հանձնառությունը՝ աջակցել ԼՂ կարգավորմանը, լավատեսության շոշափելի հիմքեր են տալիս»,- ասաց Փաշինյանը: