Քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո որոշ պատժատեսակներ կմեղմացվեն, արդեն պատիժ կրող անձանցից ոմանք էլ կազատվեն պատասխանատվությունից: Արդարադատության նախարարությունն օրենսգիրքը հուլիսի 1-ից գործողության մեջ դնելն անխոչընդոտ կազմակերպելու համար խորհրդարան է բերել իր հեղինակած նախագիծը:
Արփինե Սարգսյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Նախատեսվում է, որ օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո գույքի բռնագրավում պատժատեսակից պետք է ազատվեն այն անձինք, որոնց նկատմամբ կայացրած դատավճիռը մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ուժի մեջ է մտել, սակայն գույքի բռնագրավում պատժատեսակն ի կատար չի ածվել կամ դատավճիռն ուժի մեջ է մտել 2022 թ. հուլիսի 1-ի դրությամբ կամ դրանից հետո:
Նոր և գործող օրենսգրքերում կան նաև որոշ պատժաչափերի անհամապատասխանություններ: Այս խնդրի լուծումը ևս առկա է: Եթե նոր կարգավորմամբ սահմանված պատժաչափն ավելի քիչ լինի, քան հին օրենսգրքով, պատիժը կմեղմացվի:
Արփինե Սարգսյան - Կարող են լինել այնպիսի դեպքեր, երբ անձը դատապարտված լինի մինչև 6 տարի ժամկետով ազատազրկման, կամ Քրեական նոր օրենսգրքի տեսանկյունից, օրինակ՝ տվյալ սանկցիան մինչև 6 տարի ժամկետով ազատազրկում չնախատեսի, օրինակ՝ պատժի մեղմացում լինի՝ մինչև 4 տարի ժամկետով պատիժ նախատեսվի:
Արդարադատության նախարարության բերած մեկ այլ օրինագծով կարգավորումներ են առաջարկվում դատապարտյալների և կալանավորների պահման վերաբերյալ: Արփինե Սարգսյանը նշեց՝ գործող կարգավորմամբ, եթե կատարվում է ինքնավնասում կամ ինքնասպանության փորձ, դատապարտյալը կամ կալանավորը ենթարկվում է պատասխանատվության: Նախարարության համոզմամբ՝ այսպիսի դեպքերում պետք է ցուցաբերվի ոչ թե պատժողական վերաբերմունք, այլ դատապարտյալին տրվի սոցիալ-հոգեբանական աջակցություն:
Արփինե Սարգսյան - Նախագծով առաջարկվում է վերացնել ինքնավնասման համար պատժախուցը որպես կարգապահական տույժ կիրառելու հնարավորությունը:
Օրակարգում ներկայացված երկու հարց էլ հեղինակել էին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները: Նրանք, սակայն, նիստին չէին ներկայացել: Օրինագծերից մեկով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն առաջարկում է Հայաստանի համար անվտանգային և ռազմավարական նշանակություն ունեցող հարցերով ընթացող բանակցությունների և պայմանավորվածությունների մասին խորհրդարանում զեկույցով հանդես գալու պահանջ սահմանել վարչապետի և արտաքին գործերի նախարարի համար:
Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Զարմանալի է, բայց պարոն Մամիջանյանն ինձ մի քանի անգամ զանգել է և խնդրել է հնարավորինս արագ ընդգրկել օրակարգում: Քաղաքականությունն իր կորեկտիվներն է մտցնում մեր աշխատանքի մեջ:
Հանձնաժողովը հետաձգեց ընդդիմադիրների հեղինակած նախագծերի քննարկումը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան