ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վարչական պատասխանատվության է ենթարկել տնտեսվարողին՝ քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու համար։
Կառուցապատող Ն․Ն․-ն ք․ Երևան, Կ․ Ուլնեցու փող․, 22/16 հասցեի ավարտված շինարարական օբյեկտի՝ բնակելի տան շահագործման ընդունող հանձնաժողովում թեկնածու ընդգրկելու խնդրանքով դիմել էր ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին։
Նշված հասցեում տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կառուցապատող Ն․Ն․-ն շինարարական աշխատանքներն իրականացրել է համապատասխան լիցենզիա չունեցող անձանց միջոցով՝ դրանով խախտելով «Լիցենզավորման մասին», «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքների մի քանի դրույթներ։
Այսպես՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ շինարարությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է, իսկ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ շինարարություն իրականացնողները պարտավոր են ունենալ համապատասխան գործունեության իրավունքի լիցենզիա։ Օրենսդրական այդ պահանջները խախտելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157 7-րդ հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվություն։
Ուստի, հիմք ընդունելով վարչական գործում առկա ապացույցներն ու կատարված իրավախախտումը և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 244 11-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը կառուցապատող Ն․ Ն․-ին ենթարկել է վարչական պատասխանատվության՝ վերջինիս նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 300.000 (երեք հարյուր հազար) դրամ գումարի չափով: