Սրտանոթային խնդիրները կառավարության ու մասնագետների ուշադրության կենտրոնում են. բժիշկները առողջապահության նախարարության հետ «Դիսլիպիդեմիա. ախտորոշում և վարման արդի մոտեցումները» թեմայով երկօրյա գիտաժողովին կքննարկեն հիվանդության վարման ու բուժման նոր մոտեցումները:
Արմեն Նազարյան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Առողջապահությունը մեծ ու ամենօրյա ուշադրություն է դարձնում սրտանոթային ոլորտում իրականացվող աշխատանքներին, բոլորովին վերջերս ստեղծվեց սրտանոթային հիվանդությունների կանխարգելման աշխատանքային խումբ:
Արյան պլազմայում խոլեստերինի բարձր մակարդակը սրտանոթային հիվանդությունների ռիսկի առաջնային գործոներից է, իսկ մահացության առումով սրտանոթային խնդիներն առաջատար են՝ ասաց հանրապետության գլխավոր սրտաբանը:
Համլետ Հայրապետյան (ՀՀ գլխավոր սրտաբան) - Սրտանոթային հիվանդություններից մահացությունը մնում է առաջին տեղում ինչպես մեզ մոտ, այնպես էլ շատ երկրներում: Մահվան բոլոր պատճառների մեջ, մեզ մոտ մահերի մոտավորապես կեսը կապված է սրտանոթային հիվանդությունների հետ:
Բժիշկը առողջ սիրտ ունենալու համար հորդորում է չծխել, առողջ սնվել ու լինել ակտիվ: Հայրապետյանը Հայաստանում սրտանոթային խնդիրների առաջին պատճառը համարում է հենց ծխելը, և կարևոր է համարում ծխախոտի դեմ սկսած պայքարը: Հիվանդությունը նաև երիտասարդացել է, ինչն էլ իր պատճառներն ունի:
Համլետ Հայրապետյան - Առաջին հերթին ավելի լավ ախտորոշումն է, եթե նախկինում հիվանդները միշտ չէին դիմում բժշկի սիմպտոմների առաջացման դեպքում, հիմա ավելի շուտ են դիմում:
Սրտանոթային խնդիրների հետևանքով մահերը թեև առաջին տեղում են, բայց Հայաստանում նվազել են հիվանդանոցային մահվան դեպքերը: Մասնագետներին անհանգստացնում է, որ, ըստ կանխատեսումների՝ 2030 թվականին աշխարհում 24 մլն մարդ կմահանա սրտանոթային հիվանդություններից:
Հեղինակ՝ Անի Օհանյան