Նախ՝ ներքաղաքական կեղտոտ նպատակների համար օգտագործեցին Եռաբլուրը՝ վարչապետի հրաժարականի պահանջով ստորագրահավաք կազմակերպեցին, հիմա էլ նույն նպատակների համար օգտագործում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
««Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «ջահերով երթին մեր հայրենակիցների ներկայությունն ու ուխտագնացության երթը դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, լինելու է իշխանության՝ օրվա քաղաքականությանը ՈՉ-ի խորհրդանիշը»։
Եվ հենց սա է պատճառը, որ դեռևս օրեր առաջ սոցիալական ցանցերում գովազդով կոչ էին անում հանրությանը միանալ ջահերով երթին։
Այն, որ ընդդիմությանը չի հաջողվում հանրային մեծ աջակցություն ստանալ, դա դեռ չի նշանակում, որ պետք է անցնեն կարմիր գծերը՝ ներքաղաքական կեղտոտ նպատակների համար օգտագործելով անգամ Եռաբլուրն ու Ծիծեռնակաբերդը։
Եվ եթե ներկայիս իշխանությունը 2018 թվականի հեղափոխության օրերին ապրիլի 24-ին դադարեցրեց բոլոր տեսակի բողոքի ակցիաները՝ ի նշան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի, ապա ներկայիս ընդդիմությունը ամեն հարմար առիթ օգտագործում է մարդ հավաքելու, գլխաքանակ ապահովելու համար, քանզի վերջիններիս համար արդարացված են իշխանությանը հասնելու համար բոլոր նպատակները։
Ի գիտություն բոլորին. ջահերով երթն այլևս քաղաքականացված է և նախաձեռնողների կողմից օգտագործվելու է ներքաղաքական խնդիրներ լուծելու համար»,- գրել է Չախոյանը: