Ֆոտոների այս լվացքը Հայաստանի փնթիության հերթական ապացույցն է։ Լուսանկարներն արվել են բոլորիս սիրելի Սևանի ավազանում․ լիճ թափվող գետերից՝ անցած տարի միայն մի ծրագրով 229 հազար տոննա աղբ է հանվել-մաքրվել։ Դրա մի մասը մինչև դեն նետելը կարելի էր վերամշակման ենթարկել, հենց թեկուզ թափոններից պատրաստված այս իրերի պես։
Մխիթար Ավետիսյան (ISSD «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ հիմնադիր-նախագահ) - Օրինակ՝ այս ճայը իր նախկին կյանքում եղել ա օճառաման, այս խոզուկը՝ շիշ: Ունենք բազմաթիվ այլ իրեր, որ պատրաստված են պլաստիկե կամ թղթե թափոններից:
SOS կանչող՝ երկրի կլիմայական քարտեզով ու թափոնններից երեխաների ստեղծած այլ գործերով Գավառում դիմավորեցին EU4Sevan՝ «Եվրամիությունը՝ Սևանի համար» ծրագրի ներկայացուցիչներին։ Մինչև մարզկենտրոն հասնելը՝ նրանք Վարդենիկում ազգային պարկին բեռնիչ-տրակտոր նվիրեցին․ տեխնիկան կմաքրի լճի ճահճացած հատվածները, կօգտագործվի ջրում եղած ծառերի կոճղերից մինչև շինությունների մնացորդներ դուրս բերելու համար՝ թվարկում է շրջակա միջավայրի փոխնախարարը։
Աննա Մազմանյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ) - Մենք ակնկալում ենք, որ ջրի մակարդակը կբարձրանա, և դրա հետ կապված ունենք բազմաթիվ պրոբլեմներ:
Սևանի բնապահպանական հոգսերից՝ ջրի տաքացումն ու պղտորությունը նվազեցնելու, ոռոգման ու էներգետիկ նպատակներով օգտագործվող ռեսուրսների կառավարումը բարելավելու, կենսաբազմազանության ու հարակից քաղաքներից լիճ լցվող կոյուղաջրերի մաքրման կայանների հետ կապված տարբեր բաղադրիչներ ունի՝ անցած տարի սկսված և մինչև 2024 թվականը շարունակվելիք խոշոր այս ծրագիրը։ Նպատակը մեկն է՝ ֆինանսական տարբեր աղբյուրների համախմբմամբ պահպանել տարածաշրջանի մասշտաբով քաղցրահամ ջրի ամենամեծ ավազան Սևանը։ «Պատասխանատու եմ Սևանի համար»՝ երրորդ միջոցառման դոնորները լիճը գանձ անվանեցին։
Ֆրանկ Հեսս (ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար) - Ծրագրի ամբողջ բյուջեն 5,7 մլն եվրո է, որից 5 միլիոնը Եվրամիության ֆինանսավորումն է, մոտ 700 հազարը՝ Գերմանիայի կառավարության։ Ամբողջ ծրագիրը բաղկացած է մի քանի կոմպոնենտից, որը թույլ կտա բարելավել Սևանա լճի էկոհամակարգը։ Երբ ավարտվեն ջրի որակի լավացման ու նախատեսված մյուս բոլոր աշխատանքները, իսկ դա լինելու է 2024 թվականին է, վստահ եմ, լավ արդյունքներ կունենանք։
Քրիստիան Հենշել (EU4Sevan ծրագրի ղեկավար) - Ծրագրի ավարտին հույս ունենք արձանագրել ջրի որակի և առհասարակ լճի էկոհամակարգի էական բարելավում, ինչը թույլ կտա ավելի շատ տուրիստների հանգստանալ այստեղ։ Դա տեղում ապրող մարդկանց հնարավորություն կտա մեծացնել Սևանից ստացվող իրենց եկամուտները։ Այնպես որ, ծրագիրը բոլորին է ձեռնտու, և ցանկանում ենք, որ շատերը մասնակից դառնան այս գործին:
Կուտակված Էկոլոգիական խնդիրները լուծելու վճռականությամբ՝ EU4Sevan ծրագրի ղեկավարը Գեղարքունիքի փոխմարզպետի հետ համագործակցության փաստաթուղթ ստորագրեց։ Շենքում գրասենյակ բացեցին, որ տեղում նախատեսվող աշխատանքները՝ մաքրության շաբաթօրյակ կլինի, ծառատունկ թե հող մշակող գյուղացիների համար թունաքիմիկատից օրգանիկ պարարտանյութի անցնելու դասընթաց, ավելի արագ ու հասցեական կազմակերպեն՝ պարզաբանում է ծրագրի Գավառի պատասխանատուն։
Վարազդատ Սարգսյան (EU4Sevan Գավառի գրասենյակի համակարգող) - Այս տարվա պլանների մեջ մտնում են գյուղատնտեսական նոր մշակաբույսերի, բարձրարժեք մշակաբույսերի, օրգանիկ պարարտանյութերի, ինչպես նաև ուսուցում՝ գյուղացիներին էդ օրգանիկ մոտեցումների վերաբերյալ:
Տարվա մեկնարկը տրված է, գործ շատ կա անելու: