Եվրամիությունը չի հանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական զորքերը դուրս չեն եկել Ուկրաինայի տարածքից: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը Էստոնիայի իր պաշտոնակից Էվա Մարիա Լիմետսի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
«ԵՄ-ն հետ չի կանգնի պատժամիջոցներից, քանի դեռ Պուտինի զենքերը չեն լռել, և նա իր զորքերը դուրս չի բերել Ուկրաինայի տարածքից։ Մենք է՛լ ավելի կուժեղացնենք ճնշումը ռուսական ռազմական մեքենայի վրա և միևնույն ժամանակ ամեն ինչ կանենք, որպեսզի Ուկրաինային աջակցենք սպառազինությամբ և տեխնիկայով»։
Բերբոքի խոսքով՝ ուկրաինացի զինվորները պաշտպանում են ոչ միայն Ուկրաինան, այլև Եվրոպայի խաղաղությունն ու ազատությունը:
Գերմանիայի ԱԳ նախարարն ասել է, որ առաջնահերթ է Ուկրաինային հնարավորինս արագ փոխանցել խորհրդային ժամանակների սպառազինություն, որն օգտագործելու համար Ուկրաինայի զինված ուժերը լրացուցիչ պատրաստություն անցնելու կարիք չեն ունենա: Նա հավելել է, որ Գերմանիայի զինված ուժերն իրենք են բախվել զինտեխնիկայի պակասի. Աֆրիկայում գերմանացի խաղաղապահները չունեն անհրաժեշտ ուղղաթիռներ: