ՇՈՅԳՈՒՆ ՀԱՅՏՆԵԼ Է ՄԱՐԻՈՒՊՈԼԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է Մարիուպոլ քաղաքի հանդեպ ամբողջական վերահսկողություն սահմանելու մասին։ Նրա խոսքով՝ քաղաքի շրջափակման պահին Ուկրաինայի զինված ուժերի և օտարերկրյա վարձկանների թիվը եղել է մոտ 8100։ Ըստ նախարարի՝ չեզոքացվել է ավելի քան 4000 զինվորական, հանձնվել են 1400-ը:
Շոյգուն նաև հայտնել է, որ «Ազովստալ» գործարանի տարածքում արգելափակվել է ավելի քան 2 հազար զինյալ։
««Ազովստալի» օպերացիան ավարտելու համար կպահանջվի 3-4 օր, Մարիուպոլից տարհանվել է ավելի քան 142 հազար քաղաքացի»,- նշել է նախարարը։
Վլադիմիր Պուտինը, իր հերթին, նպատակահարմար չի համարել Մարիուպոլի արդյունաբերական գոտին գրոհելը․ «Հրամայում եմ դադարեցնել»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը և պահանջել արգելափակել «Ազովստալը»։
ՌԴ-Ն ՀԱՅՏՆԵԼ Է ԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը կավարտվի, երբ իրականացվեն դրա խնդիրները՝ Դոնբասի խաղաղ բնակչության պաշտպանություն, Ուկրաինայի ապառազմականացում ու ապազգայնականացում՝ հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից։
Խնդիրներից մեկը նաև, գերատեսչության պնդմամբ, Ուկրաինայի տարածքից ՆԱՏՕ-ի պատճառով Ռուսաստանին սպառնացող վտանգների վերացումն է։
Նախարարությունից կարծիք են հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, կարող են հանդես գալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորների դերում, այդ հարցը քննարկվում է ռուս-ուկրաինական բանակցություններում, որոնք, գերատեսչության տվյալով, շարունակվում են գրեթե ամեն օր՝ տեսակապի միջոցով։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՐԾԻՔԸ՝ ՀՈՒՆԻՍԻ ՎԵՐՋԻՆ
Եվրահանձնաժողովը ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ իր կարծիքը կհրապարակի հունիսի վերջին։ Այդ մասին Կիև կատարած այցի ընթացքում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
«ԵՄ ընդլայնման հարցը շատ զգայուն է, բայց մենք քաղաքական գործընթաց ենք սկսել»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ Ուկրաինան Եվրահանձնաժողովին էր ներկայացրել Եվրամիությանը երկրի անդամակցության հարցով քննարկումներ սկսելու համար լրացված հարցաթերթիկի առաջին մասը։
ԱՆԿԱՐԱՆ ՄՈՍԿՎԱՅԻՆ ԴԵՄ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱ
Անկարան չէր կարող միջնորդ դառնալ Մոսկվայի և Կիևի միջև, եթե միանար Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Չպետք է ակնկալել, թե Թուրքիան կմիանա Ռուսաստանի դեմ սահմանափակումներին»,- պարզաբանել է նա։
Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան պատրաստ է դառնալու Ուկրաինայի անվտանգության երաշխավորը, սակայն նախ պետք է հասկանալ՝ ինչ է ենթադրում այդ դերը։
Միևնույն ժամանակ դիվանագետը նշել է, որ Թուրքիան դեմ է ՆԱՏՕ-ի կանոնադրության հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածի կիրառմանն Ուկրաինայում։
«ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Կանադան մերժել են այն։ Ուկրաինա թուրք զինվորականներ ուղարկելը բացառվում է»,- ընդգծել է նա։
Տեղի է ունեցել նաև Չավուշօղլուի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը, կողմերն անդրադարձել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակին։ Ռուս դիվանագետը համոզմունք է հայտնել, որ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների արդյունքը կախված է Ռուսաստանի օրինական պահանջները հաշվի առնելու՝ Ուկրաինայի պատրաստակամությունից։
ՅՈԹՆՅԱԿԸ ԿՈՒԺԵՂԱՑՆԻ ՃՆՇՈՒՄԸ ՌԴ-Ի ՎՐԱ
«Մեծ յոթնյակի» երկրները կմեծացնեն Ռուսաստանի վրա ճնշումը: Այդ մասին ասված է G7-ի ֆինանսական գերատեսչությունների և կենտրոնական բանկերի ղեկավարների հայտարարության մեջ։ Այն հրապարակվել է Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո:
Կողմերը պարտավորվել են հրաժարվել Ռուսաստանի հետ միջկառավարական մակարդակով ֆինանսական գործարքներից։
«Ռուսաստանը չպետք է ֆինանսավորում ստանա, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամից և Համաշխարհային բանկից»,- նշվում է փաստաթղթում։
«Մեծ յոթնյակի» երկրների պնդմամբ՝ նրանց մշակած հակառուսական պատժամիջոցները նվազեցնում են երրորդ երկրներին և համաշխարհային տնտեսությանը հասցվող վնասը։
Կողմերը հայտարարել են նաև, որ կոնկրետ միջոցներ են ձեռնարկում ռուսական էներգառեսուրսների ներմուծումը սահմանափակելու ուղղությամբ։
G20-Ը ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՌԴ-Ի ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐՈՎ
«Մեծ քսանյակի» նախարարական հանդիպման մի շարք մասնակիցներ մտահոգություն են հայտնել համաշխարհային տնտեսության վրա հակառուսական պատժամիջոցների ազդեցության կապակցությամբ՝ հայտարարել է Ինդոնեզիայի ֆինանսների նախարար Մուլյանի Ինդրավատին՝ G20-ի ներկայացուցիչների հետ առցանց հանդիպումից հետո։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում իրադարձությունների ֆոնին որոշ երկրների գործողությունները կխոչընդոտեն տնտեսությունների վերականգնման գործընթացը։
«Դա կազդի, հատկապես, համաշխարհային պարենային անվտանգության և էներգակիրների գների վրա»,- նշել է նախարարը։
Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերն էլ Մոսկվային կոչ է արել չմասնակցել G20-ի միջոցառումներին։ Նա և մի շարք երկրների պաշտոնյաներ լքել են հանդիպումը Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի ելույթի ժամանակ։ Վերջինս կոչ է արել Քսանյակի գործընկերներին չքաղաքականացնել երկխոսությունը և չմոռանալ, որ G20-ը, նախևառաջ, տնտեսական ձևաչափ է։