Ռուսաստանից ներկրված այս նոր փեթակների մի մասը կտրամադրվի Ճամբարակի և Վարդենիսի սահմանամերձ համայնքների մեղվապահներին: Միավորված ազգերի կազմակերպության «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակում մեկնարկում է Honey-Money մեղվաբուծական փորձնական նախագիծը:
Արման Վալեսյան (ՄԱԿ-ի «Կայուն համայնքներ» ծրագրի ղեկավար) - Մենք ավելի շատ փորձում ենք լուծել եկամուտների ձեռքբերման և ավելացման խնդիր, քան մեղվաբուծական խնդիր:
Արդեն ձեռք է բերվել 500 փեթակ՝ իր շրջանակներով: Նախ՝ գիտելիք, հետո՝ մեղվապահություն: Հանի-Մանիի շրջանակում Ճամբարակում, Վարդենիսում ծրագրի դասընթացների փուլն արդեն ավարտվել է: Հաջորդ փուլով դասընթացներ կկազմակերպեն Արենիի և Որոտանի բնակիչների համար: Փեթակներ կտրամադրվեն ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու մեղվապահներին. կարևոր պայման է, որ նրանք անցնեն դասընթացները կամ բարեհաջող հանձնեն մեղվապահության քննությունը:
Արման Վալեսյան - 0-10 փեթակ ունեցողներին մինչև 3 փեթակ է տրամադրվելու, 10-30 փեթակ ունեցողներին՝ մինչև 5 փեթակ:
Նախատեսում են փեթակների թիվը հասցնել 1500-ի: Ծրագիրը կիրականացվի Հայաստանի յոթ մարզում: Փորձնական սոցիալական ծրագիրը կարող է վերածվել լուրջ բիզնեսի, ասում է ծրագրի փորձագետ Տիգրան Սեդրակյանը: Հայաստանում մեղվաբուծությունը մեծ ներուժ ունի, սակայն ոլորտի զարգացման գործում մեղվապահները միայնակ են: «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնը հիմա փորձում է լուծել գյուղատնտեսության այս ճյուղի խնդիրները, որոնք մեղր արտադրողի և սպառողի միջև անվստահության պատճառ են դարձել:
Տիգրան Սեդրակյան (Honey-Money ծրագրի փորձագետ, «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի հիմնադիր) - Ամենակարևոր կետը, որ ուզում եմ շեշտել, երաշխավորության ինստիտուտի ձևավորումն է: Այն մարդիկ, ովքեր կրթական փուլը կանցնեն, և իրենց մեղվանոցներում կներդրվեն գրագետ, ճիշտ մոտեցումներ, և մենք էլ կստուգենք և կհավաստենք, որ ամեն ինչ ճիշտ ճանապարհով է մշակված, արված, վերջում պրոդուկտը անալիզի կենթարկենք, և կերաշխավորվի տվյալ բրենդը շուկայում:
Հատկանշական է, որ դասընթացների մասնակիցները սովորում են ոչ միայն մեղվաբուծության, այլև մեղրի վաճառքի գաղտնիքները: