Երևան-Արմավիր ավտոճանապարհին շարժական կշեռքներ են հայտնվել: Խճաքարով բարձված այս մեքենան Սասունիկից Արմավիր բեռնաթափվելու էր գնում: Կշեռքի առկայությունից վարորդն անակնկալի էր եկել:
Արտակ Իսախանյան (վարորդ ) - Ես հաճախ եմ գնում այս ճանապարհով, առաջին անգամ են կանգնեցնում: Բախտս բերել է՝ չեն կանգնեցրել, հիմա կանգնեցրեցին:
Բեռնատարների կշռումն իրականացնում են քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցները՝ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ:
Կարեն Սարգսյան (ՔՏՀԱՏՄ Արմավիրի բաժնի պետի տեղակալ) - Ոստիկանները կանգնեցնում են մեքենան, պահանջում փաստաթղթերը, դրա հիման վրա կշեռքով գործընթաց է սկսվում: Եթե քաշն ավելի է, կազմվում է արձանագրություն, վարույթ է իրականացվում, և որոշվում տուգանքի չափը:
Ճանապարհներին բեռնատարների կշռումն սկսվել է 2006 թվականից, քիչ թե շատ ակտիվացել է 2020-ից: Տեսչական խմբի ասելով՝ գերբեռնված է եղել ստուգված ամեն երկրորդ մեքենան: Թե որ մեքենան քանի տոննա բեռ կարող է տեղափոխել, կախված է սռնիների թվից:
Կարեն Սարգսյան - Քո երրորդ սռնիի վրա 19 տոննա է, ամեն սռնիի վրա 9,5 տոննայից ավելի չպետք է լինի:
Արտակ Իսախանյանի վարած տրանսպորտային միջոցը երեք սռնիի վրա է: Դրա զանգվածը՝ բեռի հետ միասին, չպետք է գերազանցեր 26 տոննան, բայց վարորդը ճամփա էր ընկել թույլատրելիից ավելի քաշով:
Արամ Աղայան (ՔՏՀԱՏՄ տրանսպորտի անվտանգության վարչության գլխավոր մասնագետ) - Կշռելուց հետո քաշը 46 տոննա է, այսինքն՝ առավելագույն քաշը գերազանցել է 17 տոննա 20 կգ-ով:
Վարորդի նկատմամբ տեղում արձանագրություն կազմեցին: Դրան կհետևեն վարույթն ու տուգանքը:
Արամ Աղայան - Ներկա դրությամբ տեսչական մարմնի գրասենյակում իրականացվում է բեռնաթափման կարգի մշակում, որից հետո կարող ենք կարգադրագիր տալ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդին, որ հետագա շահագործումը դադարեցնի:
Գերբեռնված մեքենաները վնասում են կամուրջները, գոգավորություններ են առաջացնում ասֆալտին՝ ճանապարհը դարձնելով դժվարերթևեկելի: Վարորդներն այսուհետ միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհներին հաճախ կտեսնեն շարժական կշեռքներ: Իսկ որպեսզի հսկողությունը շուրջօրյա լինի, կտեղադրվեն նաև ստատիկ հենակետեր: