Գարնանացանն Արցախում այս տարի քիչ ուշ են սկսել. պատճառը մարտի առատ ձյունն է: Նախապատրաստական աշխատանքներից հետո հողագործները հիմնականում ցորեն, գարի և եգիպտացորեն են ցանում: Ասկերանի շրջանի Խնապատ համայնքում ազատ հողակտոր գրեթե չկա:
Սամվել Շահրամանյան (Արցախի Խնապատ համայնքի ղեկավար) - Ցանկացած հողակտոր մշակվում է, մինչև անգամ երիտասարդությունը թփուտները մաքրում է, հող են դարձնում, մշակում են, եթե ոչ վարելահող, ապա խոտհարքի համար են պատրաստում:
Սերմը ժամանակին հողին պահ տալու համար Խորեն Գաբրիելյանը մի քանի ժամով բացակայում է մարտական հերթապահությունից: Խնապատի երիտասարդները կամավոր հերթապահում են Քարագլխի հատվածում, որտեղ մարտի 24-ին ադրբեջանական զորքերը փորձել են առաջ գալ:
Խորեն Գաբրիելյան (ֆերմեր) - Իրավիճակին նայելով անգամ՝ պիտի աշխատանքները շարունակենք, որովհետև սխալ կլինի, եթե չանենք: Եթե այստեղ ենք, մնում ենք, պիտի անենք:
Երկրագործությամբ զբաղվողներին Արցախում կառավարությունն աջակցում է: Գործադիրը մասնակի կամ ամբողջությամբ սուբսիդավորում է հացահատիկի և ազոտական պարարտանյութերի արժեքը:
Նորայր Մուսայելյան (Արցախի գյուղատնտեսության նախարար) - Ցանքաշրջանառության զարգացման ծրագրով նախատեսված է մի շարք մշակաբույսերի սերմերի սուբսիդավորման, իսկ որոշ մշակաբույսերի՝ կերային կուլտուրաների սերմերի անհատույց տրամադրման ծրագիրը:
Ռուս-ուկրաինական հակամարտությունը տարածաշրջանում կարող է ազդել պարենային անվտանգության վրա, ասում է Արցախի գյուղնախարարը: Հնարավոր խնդիրները մեղմելու համար Արցախի գյուղնախարարությունը քայլեր ձեռնարկում է:
Նորայր Մուսայելյան - Ամեն ինչ կատարվում է, որպեսզի ոչ մի խնդիր չունենանք, նույնիսկ եթե շրջափակման մեջ էլ հայտնվենք:
Արցախցի ֆերմերները նաև անասնակերի հարց են փորձում լուծել: Գարեգին Հովսեփյանի մեծ տնտեսությունն օկուպացված Ուղտասարում է մնացել: Եգիպտացորենը սիլոսի համար է ցանում, որ մատակարարի տոհմային կայանին:
Գարեգին Հովսեփյան (ֆերմեր) - Նռան այգիներ եմ կորցրել՝ կաթիլային գցած, սոխի այգի՝ 40 հեկտար, կաթիլային գցած: Սոխն եմ թողել այնտեղ՝ 400 տոննա, նռան այգի եմ թողել՝ 100 տոննա:
Աշնանացանի համար ևս Արցախում պետական աջակցություն է եղել: Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից հողօգտագործողները սուբսիդավորված սերմ և անհատույց պարարտանյութ են ստացել:
Հեղինակ` Նարեկ Սահակյան