ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին:
Նախագծերով անդրադարձ է կատարվում քրեակատարողական ոլորտի մի շարք հիմնախնդիրների և առաջարկվում տալ դրանց լուծումները:
Նախագծով առաջարկվում է վերացնել ինքնավնասման համար պատժախուցը որպես կարգապահական տույժ կիրառելու իրավական հնարավորությունը:
«Այս դեպքում հստակ ֆիքսվում է, որ անձի պարտականությունների մեջ չի մտնում իր սեփական առողջությանը վնաս չպատճառելը, որպեսզի հետագայում նաև պատասխանատվության հարցեր առաջ չգան»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:
Նախագծով առաջարկվում է նաև բացառել անչափահասների նկատմամբ պատժախուց տեղափոխելու ձևով կարգապահական տույժի կիրառումը:
«Սա բնավ չի նշանակում, որ անպատժելիության մթնոլորտ է առաջանում, որովհետև ունենք ևս 2 կարգապահական տույժեր, որոնք ըստ անհրաժեշտության անձի նկատմամբ կկարողանան նշանակվել»,- ասաց փոխնախարարը:
Սարգսյանն անդրադարձավ նաև դատապարտյալին առանձին պահելու կարգին:
«Օրենքի նախագծով երկու հիմք է նախատեսվում, որի դեպքում կարելի է քննարկել անձին առանձին պահելու ընթացակարգ: Առաջինը պաշտպանական նպատակն է, եթե իրոք ունենք անձի անվտանգությանը սպառնացող որոշակի խնդիր, ապա այս դեպքում պաշտպանական նպատակով կարելի է անձին առանձին պահել: Երկրորդը կանխարգելիչ նպատակով անձին առանձին պահելն է: Դա կիրառվում է այլ անձանց կամ ՔԿՀ-ի անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում»,- ասաց փոխնախարարը: