Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պայքարի դուրս եկած գործող նախագահ Էմանուել Մակրոնի և «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենի հեռուստաբանավեճը տևել է ավելի քան երեք ժամ: Թեկնածուներն անդրադարձել են հարցերի լայն շրջանակի՝ գլոբալ անվտանգությունից մինչև ներքաղաքական խնդիրներ:
Մակրոնն առաջիկա քվեարկությունը որակել է հանրաքվե մի շարք հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են Եվրամիությանն անդամակցությունը, Գերմանիայի հետ հարաբերությունները, բնապահպանական ծրագիրը և այլն:
Լը Պենն իր հերթին հայտնել է, որ հանրաքվե է անհրաժեշտ անցկացնել Ֆրանսիայում ներգաղթի վերաբերյալ: Նրա խոսքով՝ պետք է կարգավորել զանգվածային անօրինական ներգաղթի խնդիրը: Ընդհանուր առմամբ, ներգաղթի ու հատկապես մուսուլման ներգաղթյալների հարցը կողմերի հիմնական տարաձայնություններից մեկն է եղել:
Թեկնածուները քննարկել են նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները: Լը Պենը, մասնավորապես, հայտարարել է, որ հանդես է գալիս Ուկրաինային աջակցելու, նրան հումանիտար բեռների, պաշտպանական սպառազինության մատակարարման և Ռուսաստանին պատժամիջոցների միջոցով ճնշելու օգտին:
Միևնույն ժամանակ, Լը Պենը կասկած է հայտնել Ուկրաինային հարձակողական սպառազինություն մատակարարելու անհրաժեշտության հարցում: Նա նաև դեմ է արտահայտվել Ռուսաստանից գազի և նավթի ներկրման էմբարգո սահմանելուն: Մակրոնն իր հերթին Լը Պենին մեղադրել է Ռուսաստանի հետ կապեր ունենալու համար՝ Մոսկվայի նկատմամբ իր կառավարության քաղաքականությունը համարելով ճիշտ:
Հեռուստաբանավեճից հետո անցկացված առաջին հարցումների արդյունքներով՝ ունկնդիրների գրեթե 60%-ը ավելի համոզիչ է համարել Էմանուել Մակրոին:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին: Առաջին փուլի արդյունքում գործող նախագահը ստացել է ձայների 27.8%-ը, իսկ Մարին Լը Պենը՝ 23,1 %: