Հայաստանը ժողովրդավարության ամրապնդման համար քայլեր է ձեռնարկել, ավտորիտար կառավարման ձևից անցնելով հիբրիդայինի՝ բարելավել դիրքը: Գնահատականը հեղինակավոր Freedom House կազմակերպությանն է:
Ընտրական գործընթաց, ժողովրդավարական կառավարում և դատաիրավական համակարգի զարգացում ու անկախություն: Ըստ միջազգային իրապաշտպան կազմակերպության՝ այս և այլ ոլորտներում Հայաստանն առաջընթաց է գրացել՝ առավելագույն 7 միավորից ստանալով ավելի քան 3 միավոր. 2021-ին մեր երկրի ընդհանուր ինդեքսը 2,96 էր: Սա վերջին 12 տարվա լավագույն ցուցանիշն է:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի խոսքով՝ Հայաստանի համար սա հերթական կարևոր զեկույցն է:
Սոնա Ղազարյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Մեզ համար շատ կարևոր է հատկապես այս զեկույցը, որում նշվել է, օրինակ, դատական համակարգի անկախությանն ուղղված քայլերի առաջընթացը, խոսվել է ժողովրդավարական տարբեր ոլորտներում առաջընթացի մասին, ինչպիսին են օրինակ ընտրական գործընթացները, կամ կարող ենք նշել նաև մասնակցային գործընթացները, որտեղ քաղհասարակությունը հստակ լսելի ձայն է ունեցել:
Զեկույցում հետխորհրդային երկրներից Հայաստանը զիջում է միայն Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային: Վատագույն ցուցանիշը Թուրքմենստանինն է: Զեկույցում քաղաքական գործընթացներին քաղհասարակության ներգրավվածության բարձր գնահատականը «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը իրական է համարում, հիշեցնում Արևելյան գործընկերության անդամ երկրների ընդհանուր գնահատման 2020-21 թվականների ինդեքսը, որը հրապարակվել է արդեն, և որով Հայաստանը ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին վերաբերող հարցերում առաջ է նույնիսկ Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից՝ ի տարբերություն Freedom House-ի այս զեկույցի, որով ինքը հետ է այդ երեքից:
Ծանր վիրավորանքի քրեականացումը, վիրավորանքի և զրպարտության հոդվածներում տուգանքի չափերի բարձրացումը Freedom House-ը մամուլի անկախության առումով նահանջ է համարում: Սա, ըստ կազմակերպության, սահմանափակում է խոսքի ազատությունը:
Իշխող ուժի պատգամավորը խստացումներն այս փուլում արդարացված է համարում, սակայն չի բացառում՝ դրանք կարող են վերանայվել:
Սոնա Ղազարյան - Մենք մեր միջազգային գործընկերներին բացատրել և պատմել ենք, թե ինչ է տեղի ունեցել նոյեմբերի 9-ից հետո. անդրադարձ ենք կատարել ՍԴ-ի որոշմանը, որում ասվում էր՝ ատելության մթնոլորտի դեմ քայլեր պետք է ձեռնարկվեն, և այդ օրենսդրական փոփոխությունները, իրականում, այս տրամաբանության մեջ են:
Քաղհասարակության ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը օրենսդրական խստացումներին կողմ է, պարզաբանում է՝ խոսքի ազատության ամրապնդման ուղղությամբ սա գործուն քայլ է: Փոխարենը դատաիրավական ոլորտի առաջընթացի վերաբերյալ զեկույցում տեղ գտած գնահատականին է համաձայն, ասում է՝ կարող էինք իրականում ավելի մեծ առաջընթաց գրանցել, եթե համապատասխան նպաստավոր պայմաններ լինեին:
Հովսեփ Խուրշուդյան («Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար) - Վենետիկի հանձնաժողովը նոր է սկսել աջակցել Հայաստանում դատաիրավական բարեփոխումներին: Մինչև վերջերս իրենք ասում էին՝ այդ կոռումպացված դատավորներին ձեռք մի տվեք, որովհետև դա կաշկանդում է դատական իշխանությանը, վնասում անկախությանը:
Freedom House-ի զեկույցում նաև նշվում է, որ 2018-ի հեղափոխությունը և դրան հետևած ժողովորդավարական գործընթացները վերջ դրեցին Հանրապետական կուսակցության բազմամյա կառավարմանը. նախկին պաշտոնյաներին փոխարինման եկավ նոր սերունդը, որն, իհարկե, թերություններ ունի, բայց հավատարիմ է ժողովրդավարությանն ու հանրային շահին:
Հեղինակ` Էդուարդ Հովհաննիսյան