Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն երկօրյա պաշտոնական այցի երկրորդ օրն ինտենսիվ շփումներ ունեցավ Ռուսաստանի կառավարության մակարդակով՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։
Անցած ժամանակահատվածում հաջողվել է զգալիորեն առաջ մղել Երևանի հետ համագործակցության ծավալներն ու որակը բոլոր ուղղություններով, նշում է ռուսական կողմը, որի հետ ստորագրվել են մի շարք նոր փաստաթղթեր, ինչը սկիզբ է դնում հայ-ռուսական համագործակցության զարգացման ժամանակակից փուլին։
Առավոտյան վարչապետ Փաշինյանը կառավարական պատվիրակության անդամների ուղեկցությամբ այցելեց Մոսկվայի Ալեքսանդրի այգի, որտեղ ծաղկեսպակ դրեց Անհայտ զինվորի հուշահամալիրին և հարգանքի տուրք մատուցեց Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակին պատվո պահակախմբի ու զինվորական նվագախմբի ուղեկցությամբ: Պաշտոնական արարողությանը զինվորական նվագախումբը հնչեցրեց Հայաստանի պետական օրհներգը, որից հետո տեղի ունեցավ պատվո պահակախմբի քայլերթ:
Այնուհետև վարչապետը հանդիպեց Դումայի նախագահ Վոլոդինի, ապա Դաշնության խորհրդի նախագահ Մատվիենկոյի հետ:
Դինամիկ զարգանում են միջխորհրդարանական հարաբերությունները և շփումներն օրենսդիր իշխանության ղեկավարների մակարդակով, նշում է ռուսական կողմը: Վարչապետի հետ հանդիպմանը Դումայի նախագահը նշել է, որ կաջակցի երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությանը և համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին:
Վյաչեսլավ Վոլոդին (ՌԴ Պետական դումայի նախագահ) - Գիտեմ, որ արդյունավետ բանակցություններ եք ունեցել ՌԴ նախագահի հետ, որի արդյունքներով ընդունվել է համատեղ կարևոր հայտարարություն: Պետական դումա Ձեր այցը միանշանակորեն կանդրադառնա մեր խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացմանը։
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Նման շփումները նոր լիցք են հաղորդում երկու երկրների հարաբերություններին, և ես վստահ եմ, որ միջխորհրդարանական կապերը կզարգանան:
Վարչապետը նաև առանձնացրեց՝ Պուտինի հետ արդյունավետ քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում՝ անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ:
Խորհրդարանների միջև համագործակցությունը բարձր գնահատեց նաև Դաշնության խորհրդի խոսնակը` առանձնացնելով՝ միջխորհրդարանական շփումների զարգացումը չափազանց կարևոր է պայմանավորվածությունների կատարման համար։ Մատվիենկոն շնորհակալություն հայտնեց նաև ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովում հայկական կողմի ակտիվ աշխատանքի համար:
Վալենտինա Մատվիենկո (ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ) - Շատ կարևոր, կառուցողական բանակցությունների արդյունքով ստորագրված փաստաթղթերի բավականին պատկառելի փաթեթը վկայում է այն մասին, որ կա փոխադարձ ձգտում՝ խորացնելու ռուս-հայկական բազմապլանային հարաբերությունները, որոնք ունեն դաշնակցային բնույթ:
Հայաստանի կառավարության ղեկավարը հավելեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև 30-ամյա համագործակցությունը պետք է վերլուծել, նախանշել միջպետական հարաբերությունների հետագա զարգացումը և հասկանալ, թե որտեղ է հնարավոր եղել հասնել առավելագույն հաջողության:
Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ նոր նախագծերի գործարկմամբ: Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2021 թվականին աճել է 13 տոկոսով՝ վարչապետի հետ հանդիպմանը նկատեց Ռուսաստանի կառավարության ղեկավարը:
Միխայիլ Միշուստին (ՌԴ վարչապետ) - Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական պետությունների կողմից ապօրինի պատժամիջոցների պայմաններում, իհարկե, կարևոր է ազգային արժույթներն ավելի ակտիվ օգտագործել երկկողմ առևտրում, զարգացնել արտադրական կոոպերացիան, նոր հնարավորություններ բացել բոլոր ուղղություններով փոխադարձ առևտրի ընդլայնման համար:
Միշուստինը կարևորեց Հարավային Կովկասում նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը, որոնք կնպաստեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը: Ռուսաստանը Հայաստանի առանցքային արտաքին տնտեսական գործընկերն է, նաև Հայաստանի տնտեսությունում արտասահմանյան գլխավոր ներդրողը: Ռուսական հիմնական ներդրումներն ուղղված են էներգետիկ, բանկային, լեռնամետալուրգիական, շինարարության, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին:
Նիկոլ Փաշինյան - Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է: Դուք ճիշտ նկատեցիք՝ աճում են փոխադարձ առևտրի ծավալները, նաև արդյունավետ համագործակցում ենք ԵԱՏՄ շրջանակներում, էներգետիկայի ոլորտում բավականին հարուստ փորձ ունենք: Կան ինտենսիվ ռազմավարական ծրագրեր` համատեղ զարգացնելու թե՛ էներգետիկայի, թե՛ տրանսպորտի և այլ ոլորտներում փոխգործակցությունը:
Վարչապետ Փաշինյանը կառավարական պատվիրակության անդամների հետ պաշտոնական այցի շրջանակներում մոսկովյան հանդիպումներից հետո մեկնեց Նիժնի Նովգորոդ: