ԼՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա քաղաքական և դիվանագիտական միջոցներով: Դիրքորոշումը վերահաստատել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստանում կայացած հանդիպման ընթացքում: Երկրների ղեկավարներն ընդունել են 30 կետից բաղկացած համատեղ հայտարարություն:
Հայտարարություն - Արտահայտվեցին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պարբերական հանդիպումների շրջանակներում կառուցողական աշխատանքի շարունակման և երեք առաջնորդների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետևողական իրականացման օգտին՝ ի շահ տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման: Շեշտեցին ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում: Ընդգծեցին հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը: Այդ համատեքստում հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան։
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինն ընդգծել են Հարավային Կովկասում բոլոր տնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ աշխատանքային խմբի ակտիվացման կարևորությունը: Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների, այդ թվում՝ Սյունիքի և այլ մարզերում երկաթուղու վերականգնման նախագծերին: Կողմերը պայմանավորվել եմ արագացնել հայ-ադրբեջանական սահմանի շրջանում սահմանազատման և անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը՝ Ռուսասատանի խորհրդատվական աջակցությամբ:
Հայտարարություն - Կողմերը պայմանավորվեցին ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակով: Նշեցին բոլոր շահագրգիռ դերակատարների, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ մասնագիտացված գործակալությունների, այդ թվում ՄԱԿ փախստականների հարցերով Բարձրագույն հանձնակատարի վարչության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ տարածաշրջանում մարդասիրական խնդիրների լուծման և բոլոր կարիքավորներին աջակցության համալիր ապահովման հարցերում մուտքի և մասնակցության կարևորությունը: Առաջնորդները միասնական էին Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի կրոնական գործիչների և հասարակության ներկայացուցիչների միջև կայացած շփումների բարձր օգտակարության գնահատականում, ինչը նպաստում է երկու երկրների ժողովուրդների միջև «կամուրջների կառուցման»: Նման պրակտիկան շարունակվելու է:
ՀՀ-ՌԴ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ ԿԸՆԴԼԱՅՆՎԻ
Փաշինյանն ու Պուտինը ողջունել են Ռուսաստանի աջակցությամբ մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը: Ընդգծել նաև «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի հաջող մեկնարկը: Անդրադառնալով գործակցության մյուս ձևաչափերին, երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև ՀԱՊԿ-ում, Եվրասիական տնտեսական միությունում և ԱՊՀ-ում համատեղ գործունեության ընդլայնման վերաբերյալ: ՄԱԿ-ում և այլ հարթակներում գործակցության խորացման ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումների համադրման նպատակով, Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են անհրաժեշտ ջանքեր ներդնել:
Հայտարարություն - Կողմերը, ընդունելով տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության առանցքային դերը, հաշվի առնելով Կազմակերպությունում Հայաստանի ընթացիկ նախագահությունը, հաստատեցին պատրաստակամությունն ակտիվացնել ջանքերը հավաքական անվտանգության ուժերի և միջոցների ներուժի մեծացման, այդ թվում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի, Կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմենրի կատարելագործման ուղղությամբ, ամրապնդել համակարգումը և աջակցել ՀԱՊԿ գործընկերային կապերի ընդլայնմանը: Կողմ արտահայտվեցին Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների առաջանցիկ առաջմղմանը, ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղություների իրականացմանը, ներառյալ առանց սահմանափակումների, խոչընդոտների և բացառումների ներքին շուկայի ստեղծմանը, ազգային արժույթներով հաշվարկների մասնաբաժնի ավելացմանը: Կողմերը արտահայտվեցին Անկախ Պետությունների Համագործակցության ձևաչափում փոխգործակցության՝ բոլոր ուղղություններով հետագա խորացման օգտին, այդ թվում արդիական միջազգային հարցերի շուրջ դիրքորոշումների կոորդինացման, Համագործակցության մասնակից պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակի բարձրացման և մշակութային-հումանիտար կապերի ընդլայնման նպատակով:
Շարունակելով միջազգային օրակարգի հարցերի քննարկումը, առաջնորդները մտահոգություն են հայտնել միջազգային անվտանգության ոլորտում բարդացող իրավիճակի կապակցությամբ: Կողմերն ընդգծել են միջազգային ահաբեկչությանը ֆինանսավորելուն հակազդելու, երկու երկրների անվտանգության այլ մարտահրավերներին և սպառնալիքներին դիմագրավելու նպատակով համատեղ ջանքերի ուժեղացման կարևորությունը: Հայտարարությամբ հաստատվել է՝ երկու պետությունների տարածքները չեն տրամադրվելու կենսաանվտանգության ոլորտում միմյանց հետաքրքրությունների դեմ ուղղված գործունեության իրականացման նպատակներով երրորդ երկրների կողմից օգտագործման համար: Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը մտահոգություն են հայտնել նաև մի շարք երկրների կողմից միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման հարցով:
Հայտարարություն- Մտադրություն հայտնեցին միասին հաղթահարել նշյալ միջոցներով պայմանավորված մարտահրավերները, այդ թվում՝ երկու երկրների պարենային և էներգետիկ անվտանգության, լոգիստիկայի և այլ բնագավառներում:
ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է
Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները հետաքրքրվածություն են հայտնել էներգետիկայի զարգացման, այդ թվում վերականգնվող էներգետիկայի ծրագրերի մշակման հարցում: Որոշվել է հետայսու ևս նպաստել դեպի Հայաստան ռուսաստանյան ներդրումների հոսքին:
Հայտարարություն- Կողմերը հաստատեցին պատրաստակամությունն ընդլայնել ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցությունը: Ողջունեցին Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը և նպատակադրվածություն հայտնեցին նոր էներգաբլոկների կառուցման մշակման շուրջ: Ընդգծվեց Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էներգառեսուրսների ընդհանուր շուկայի հետևողական ձևավորման ուղղությամբ համատեղ արդյունավետ աշխատանքը:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի համատեքստում Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կարևորել են մշակույթի և կրթության, աշխատանքի և սոցիալական հարցերի պաշտպանության, տեղեկատվության, զբոսաշրջության, սպորտի և շրջակա միջավայրի, տնտեսության ոլորտներում համագործակցության հետագա խորացումը: Ամփոփելով հանդիպումը, վստահություն հայտնել՝ Մոսկվայում կայացած արդյունավետ բանակցությունները կնպաստեն հայ-ռուսական բազմապլանային առանձնաշնորհյալ դաշնակցության հետագա ամրապնդմանը: Փաշինյանը երախտագիտութուն է հայտնել Վլադիմիր Պուտինին՝ ջերմ ընդունելության համար և ՌԴ նախագահին 2022 թ. երկրորդ կեսին հրավիրել Երևան: Ռուսաստանի նախագահը երախտագիտությամբ ընդունել է հրավերը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան