ՌԴ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԼՌՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Ռուսական կողմը պատրաստ է ապրիլի 20-ին լռության ռեժիմ հայտարարել, որպեսզի ազգայնական գումարտակների զինյալները, ինչպես նաև օտարերկրյա վարձկանները վայր դնեն զենքը և հանձնվեն։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավարը։
«Ռուսաստանի զինված ուժերը և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ստորաբաժանումները «Ազովստալի» ողջ երկայնքով դադարեցնում են ռազմական գործողությունները և հեռանում անվտանգ հեռավորության վրա»,- ընդգծել է Միխայիլ Միզինցևը։
Երկրի պաշտպանության նախարարության տվյալով՝ ռուսական կողմը ոչնչացրել է շուրջ 200 զինվորականի, 3 անօդաչու թռչող սարք, 73 ռազմական օբյեկտ։ Նշվում է, որ Կրեմեննայա քաղաքն անցել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության վերահսկողության տակ։
Ուկրաինական կողմի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Զինված ուժերը շարունակում է Խարկովի մասնակի շրջափակումը և գործողություններ իրականացնում Իզյումի ուղղությամբ։
«Հակառակորդի հիմնական ջանքերն ուղղված են գրավելու Մարիուպոլ քաղաքը, շարունակվում են գրոհային գործողությունները Ազովստալ գործարանի տարածքում»,- ասված է Ուկրաինայի ԶՈՒ հայտարարության մեջ։
ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
ԱՄՆ վարչակազմը մտադիր է կրկին խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և ավելի շատ հրետանային զենք ուղարկել Ուկրաինա։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակը։
Ջեն Սակին նշել է, որ Ջո Բայդենը և արևմտյան երկրների ղեկավարները համատեղ տեսակոնֆերանսի ընթացքում քննարկել են Կիևին ռազմական աջակություն տրամադրելու և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունները։ Արևմտյան առաջնորդներն ընդգծել են նաև էներգակիրների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը՝ ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու համար։ Տեսակոնֆերանսին մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Կանադայի, Լեհաստանի, Ռումինիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի ղեկավարները, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահը, Եվրոպական խորհրդի ղեկավարը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նշել է, որ Լոնդոնը կշարունակի զենք ու ռազմական տեխնիկա տրամադրել Ուկրաինային։ «Վախենամ՝ ներկայումս դիվանագիտական կամ բանակցային լուծում գտնելը դժվար կլինի»,- նշել է նա։
Գերմանիայի կանցլերն էլ կրկին կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել հատուկ ռազմական գործողությունը և հրադադար հաստատել։ Օլաֆ Շոլցը հնարավոր է համարել Մեծ Յոթնյակի շրջանակում Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցության տրամադրումը։
«Սկզբում մենք Ուկրաինա զենք էինք մատակարարում մեր սեփական պաշարներից: Այժմ մեր հնարավորությունները սահմանափակ են։ Ուստի թույլ տվեցինք Կիևին ռազմական արտադրանք գնել մեր երկրների արդյունաբերական ձեռնարկություններից»,- ասել է կանցլերը։
Նա անդրադարձել է նաև հակամարտությանը ՆԱՏՕ-ի ներգրավվածությանը։
«Դաշինքն ուղղակիորեն չի միջամտի Ուկրաինայում ռազմական գործողություններին, մեր գլխավոր նպատակն է թույլ չտալ, որ դրանք տարածվեն»,- պարզաբանել է Շոլցը։ Նա հայտնել է նաև, որ ռուսական գազի նկատմամբ էմբարգոն անհաղթահարելի է շատ երկրների համար, Բեռլինի համար էլ դա լուրջ մարտահրավեր կլինի։
Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը դժգոհություն է հայտնել Բեռլինի կողմից Կիևին տրամադրվող ռազմական օգնության ծավալից, նշել՝ երկրին անհրաժեշտ զենքի ցանկում ծանր սպառազինություն ներառված չէ։
ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԵՄ ԹԵԿՆԱԾՈՒ ԵՐԿԻՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿՈՉ
Եվրախորհրդարանի Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը կոչ է արել Ուկրաինային հնարավորինս շուտ ԵՄ թեկնածու երկիր ճանաչել։
Մեր պատասխանը պետք է լինի՝ «Ձեր կռիվն արժանի է դրան, բարի գալուստ ԵՄ», - նշել է նա։
Ավելի վաղ ուկրաինական կողմը հայտնել էր, որ Կիևը լրացրել է Եվրամիության հարցաշարը, որը թույլ կտա Եվրահանձնաժողովին առաջարկել ԵՄ խորհրդին քննարկել կառույցին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը։ Երկիրը հուսով է ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալ հունիսին։
ԿԱՆԱԴԱՆ ԾԱՆՐ ՀՐԵՏԱՆԻ ԿՈՒՂԱՐԿԻ ՈՒԿՐԱԻՆԱ
Կանադայի իշխանությունները ծանր հրետանի կուղարկեն Ուկրաինա: Այդ մասին հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն: Նրա խոսքով՝ մատակարարումները կիրականացվեն ուկրաինական կողմի հարցմանը համապատասխան: Մարտի սկզբին նա հայտնել էր, որ Կանադան Կիևին շուրջ 40 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ ռազմական աջակցություն կտրամադրի։