ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՐԵՆ ԿԳՈՐԾԻ. ՊՈՒՏԻՆ
Դոնբասում տեղի ունեցած ողբերգությունը Ռուսաստանին ստիպեց հատուկ ռազմական գործողություն սկսել՝ հայտարարել է ՌԴ նախագահը։
«Դրա նպատակն էր օգնել մարդկանց, օգնել Դոնբասում ապրող մեր ժողովրդին»,- նշել է Վլադիմիր Պուտինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հետևողականորեն կգործի, որպեսզի Լուգանսկում և Դոնեցկում կյանքը վերադառնա բնականոն հուն։ Պուտինը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի շնորհիվ Դոնբասում խաղաղություն կհաստատվի։
ՌԴ-Ն ԿԻԵՎԻՆ Է ՓՈԽԱՆՑԵԼ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԱԽԱԳԻԾ. ՊԵՍԿՈՎ
Կրեմլում անդրադարձել են նաև ռուս-ուկրաինական բանակցություններին։
«Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել հստակ ձևակերպումներով փաստաթղթի նախագիծ և սպասում է Կիևի պատասխանին»,- հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։
Դմիտրի Պեսկովը նշել է, որ Կիևը չի ձգտում ակտիվացնելու բանակցային գործընթացը և անընդհատ շեղվում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից, փոխում սեփական դիրքորոշումները։
«Դա շատ վատ է բանակցությունների արդյունավետության առումով»,- հավելել է պաշտոնյան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել է, որ Մոսկվան կորցրել է վստահությունը ուկրաինացի բանակցողների նկատմամբ։ Նրա խոսքով՝ Կիևը բանակցություններն ուշադրություն շեղելու գործիք է դարձրել։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը հաստատել է, որ ուկրաինական կողմը ստացել է Մոսկվայի առաջարկները և ուսումնասիրում է դրանք։
«Ուկրաինան դեռ ստամբուլյան բանակցությունների շրջանակում ներկայացրել էր իր առաջարկները՝ մասնավորապես, անվտանգության երաշխիքների վերաբերյալ: Ռուսական կողմն ուսումնասիրել է դրանք, արտահայտել իր դիրքորոշումը: Հիմա մեր հերթն է՝ եզրակացություններ անելու, այդ թվում՝ քաղաքական և իրավական բնույթի»,- ընդգծել է Միխայլո Պոդոլյակը։
ԵՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿՑԵԼ ՌԴ ՊԱՀԱՆՋԻ ՇՈՒՐՋ
Եվրամիության երկրները շարունակում են գազի դիմաց ռուբլով վճարելու՝ Մոսկվայի պահանջի շուրջ բանակցությունները, հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչը։ Շտեֆեն Հեբեշտրայտը նշել է, որ արդյունքների մասին խոսել դեռ վաղ է։
Գերմանական կողմի պնդմամբ՝ երկրի Զինված ուժերի՝ Բունդեսվերի պաշարներից Ուկրաինա ծանր սպառազինության մատակարարումներ նախատեսված չեն։ Փոխարենը, արտգործնախարար Աննալենա Բերբոքի խոսքով, Բեռլինը համաձայնել է աջակցել այն գործընկերներին, որոնք կարող են Կիևին խորհրդային արտադրության զինամթերք տրամադրել։
«Գերմանիան Կիևին մեծ քանակությամբ սպառազինություն է տրամադրել, այդ փաստը հաճախ չի հանրայնացվել»,- ընդգծել է Բերբոքը, հավելել՝ Կիևին զենքի մատակարարումները Բեռլինին Ուկրաինայում հակամարտության կողմ չեն դարձնում։
Ավելի վաղ Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը դժգոհություն էր հայտնել այդ երկրի կողմից Կիևին տրամադրվող ռազմական օգնության ծավալից, նշել՝ Ուկրաինային անհրաժեշտ զենքի ցանկում ծանր սպառազինություն ներառված չէ։
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ՆՈՐ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ ՉԻ ՍՏԱՑԵԼ
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ արևմտյան գործընկերներից նոր ինքնաթիռներ չի ստացել։ Կիևին տրամադրվել են միայն պահեստամասեր։
Նախօրեին Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտնել էր, որ Կիևը ռազմական աջակցության շրջանակում լրացուցիչ ինքնաթիռներ է ստացել, բայց ոչ ԱՄՆ-ից: Նրա խոսքով՝ Կիևն այժմ ավելի մեծ թվով մարտական ինքնաթիռներ ունի, քան երկու շաբաթ առաջ: