Նոր կարգավորումներ ՀԴՄ-ի շահագործման կանոններում: Գործընթացը ոչ թե խստացվում, այլ պարզեցվում է՝ ասում է Պետեկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետը:
Հրաչյա Մուրադյան (ՀՀ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետ) - Խստացումներ որոշ դեպքերում կան, բայց ոչ ամբողջությամբ: Որոշ դեպքեր ունենք, երբ տուգանքները նվազել են, ընդ որում՝ բազմապատիկ:
Տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող ՀԴՄ սարք շահագործելու կամ չունենալու դեպքում, գործող կարգավորումներով, տուգանքը հասնում է մինչև 2 մլն դրամի: Նոր փոփոխություններով սահմանվել է տուգանքի միասնական չափ:
Հրաչյա Մուրադյան - Առաջին դեպքով՝ 300 հազար, երկրորդով՝ 600 հազար: Կունենանք մեկ միասնական տուգանքի չափ՝ 500 հազար:
Անկախ գործունեության բնագավառից՝ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնները խախտողները կտուգանվեն 200 000 դրամով և տվյալ հարկ վճարողի վրա գրանցված բոլոր ՀԴՄ-ներով նախորդ եռամսյակում արձանագրված շրջանառության 0.5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10 միլիոն դրամը: Տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող հին սերնդի ՀԴՄ շահագործողները առաջին խախտման դեպքում կնախազգուշացվեն: Իսկ եթե ՀԴՄ կտրոն չտրամադրեն, տուգանվելուց բացի նաև բիզնես գործունեությունը չի կասեցվի:
Հրաչյա Մուրադյան - Ցածր արդյունավետություն ուներ սա, որովհետև որոշ դեպքերում, երբ տնտեսվարող սուբյեկտը գիտեր, որ ինքը խախտել է երկրորդ անգամ, և հարկային մարմինը հայտնաբերել է, և իր գործունությունը պետք է կասեցվի, կա՛մ առհասարակ գործունեությունը դադարեցնում էր, կա՛մ փոխում էր հարկ վճարող սուբյեկտը, այսինքն՝ նոր կազմակերպություն էին գրանցում:
Մեկ տարվա ընթացքում 3 և ավելի անգամ խախտում արած շրջանառության հարկ վճարողները տվյալ և հաջորդ տարվա ընթացքում այլևս չեն համարվի միկրոձեռնարկատեր: Նոր փոփոխությունները վերաբերում են նաև ռեստորաններին՝ ինչ մատուցեն հաճախորդին՝ պարտավոր են ամրագրել ՀԴՄ կտրոնում:
Հրաչյա Մուրադյան - Եթե մենք գնում ենք գրիչ, մատիտ, ապա ՀԴՄ-ի վրա երևում է, իսկ հանրային սննդի բնագավառում այս կարգավորումները չունեինք: Դրա համար հիմա այս փոփոխություններով հանրային սննդի բնագավառում սուբյեկտը, որը նախորդ տարվա շրջանառության 58,35 մլն դրամի շեմը գերազանցել է, հաջորդ տարվանից սկսած ինքը պետք է տպագրի անվանացանկը, այսինքն կերևա՝ աղցան՝ այսինչ, գազավորված ընպելիք՝ այսինչ:
Ոչ ճիշտ տեղեկատվություն ներկայացնելու համար տնտեսվարողները կտուգանվեն 5 միլիոն դրամի ու բոլոր ՀԴՄ-ներով նախորդ եռամսյակում արձանագրված շրջանառության 1 տոկոսի չափով։ Նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն մինչև ապրիլի վերջ և կտարածվեն դրանից հետո գրանցված խախտումների վրա:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան