Լինի հարկերի թե վճարների ընդունում կամ թույլտվության տրամադրում՝ հիմա Կենտրոնի բնակիչները կսպասարկվեն մեկ վայրում: Այս կամ այն պաշտոնյայի դռան մոտ երկարուկարճ սպասելու փոխարեն հիմա արդեն կարելի է դիմել վարչական շենքում բացված արդիականացված սպասարկման սրահի աշխատողներին:
Աշոտ Առաքելյան (Կենտրոնի բնակիչ) - Երեկ էլ եմ էստեղ եղել, չեմ սպասել: 2-3 րոպե... Ամեն ինչը հարմար է:
Որ քաղաքացին երկու-երեք րոպե էլ չսպասի, նորաբաց սրահում ներդրվել է հերթի համակարգ, որտեղ կարելի է նախապես գրանցվել նաև earlyone հավելվածով: Ճիշտ է աշխատում համակարգը, թե ոչ՝ քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն անձամբ է փորձում:
Սուրեն Գրիգորյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Տեսեք, որ գործընկերը վերցրեց, ինձ մոտ ժամը փոխվեց, ընդեղ ստացվել ա, մի խոսքով:
Եթե սպասարկման կազմակերպման ձևը պատշաճ չլինի, քաղաքացիները մատուցված ծառայություններից գոհ չեն մնա՝ ասում է քաղաքապետի տեղակալը: Քաղաքապետարանը կարևորում է ընդհանրապես ծառայությունների մատուցման թվայնացումը: Միանգամից կկարողանան երեք խնդիր լուծել:
Սուրեն Գրիգորյան - Դա իմ համակարգման տիրույթում գտնվող երկու ոլորտի՝ առևտրի և գովազդի ոլորտի առանցքային մաս եմ համարում, դա նշանակում ա առնվազն երեք բան՝ արագություն, հարմարավետություն և կոռուպցիոն ռիսկերի նվազեցում:
Բազմաֆունկցիոնալ և նորագույն լուծումներով արդիականացված սպասարկման սրահը վարչական շրջաններում առաջինն է՝ ասում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը:
Ավետ Պողոսյան (Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար) - Էն, ինչ կատարվում էր նախկինում, ուղղակի հարիր չէր: Նպատակը հենց դա էլ եղել է. որպեսզի քաղաքացին մեկ վայր մտնելուց հետո իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները ստանա և բոլոր խնդիրները, որով նա եկել է՝ վճարում կլինի, տեղեկանք կլինի, մեկ կետում ստանա:
Հիմա մյուս վարչական շրջաններում ևս աշխատանքներ են տարվում արդիական սպասարկման կենտրոններ բացելու ուղղությամբ: