ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարած երկօրյա պաշտոնական այցի ընթացքում հանդիպել են նաև Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ռուսաստանի կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը: Կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբում քննարկվող Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման թեմային:
ՀՀ ԵՎ ՌԴ ԱԽ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում ստորագրել են Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության համաձայնագիր: Երկկողմ հետագա համագործակցության ուղղվածությունը կներառի հանցագործությունների հետաքննություն՝ ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին վերաբերվող մի շարք հարցեր:
ՀՈՒՇԱԳԻՐ՝ ՀՀ ԵՎ ՌԴ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Մոսկվայում տեղի է ունեցել նաև Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարներ Կարեն Անդրեասյանի և Կոնստանտին Չույչենկոյի հանդիպումը: Նախարարությունների միջև ստորագրվել է 2022-2023 թվականների համագործակցության հուշագիր: Քննարկվել է երկու երկրի միջև միասնական էլեկտրոնային հարթակ ստեղծելու գաղափարը, այդ թվում՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ուղղությամբ իրականացվող ծրագրերը: Քննարկվել են նաև վեճերի այլընտրանքային լուծման, անվճար իրավաբանական օգնության տրամադրման, փորձաքննությունների իրականացման ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր: