Հարկ վճարողի օրն աննկատ չի մնացել Արմավիրում: Մարզի ղեկավարությունը հարկատուների համար տոնական ընդունելություն է կազմակերպել: Մարզպետը ամենաբարձր հարկային մուտքեր ապահոված՝ մոտ 50 հարկատուի պատվոգրեր և շնորհակալագրեր է հանձնել:
Նարեկ Վարդանյան («Վարդանյան» ընկերության հիմնադիր տնօրեն) - Շինարարական ընկերությունների հետ ենք աշխատում, նորակառույց շենքերի ճաղավանդակների, դռների, բազրիքների աշխատանքներն ենք կատարում:
«Վարդանյան» ընկերության արտադրած մետաղական կահույքն ու այլ սարքավորումները պահանջված են հատկապես մանկապարտեզներում: Դրանք առաքվում են նաև Արցախի նախակրթարաններ: Իսկ «Դյուցազն» ընկերությունը «Ինվիտրո» միջազգային բժշկական կազմակերպության ֆրանչայզ գործընկերն է Հայաստանում: Այն հիմնվել է Արմավիրում, մասնաճյուղեր ունի նաև Երևանում: Համագործակցում է առողջապահական ընկերությունների հետ՝ լաբորատոր ախտորոշման ծառայություններ մատուցում:
Ատոմ Փիլոյան («Դյութազն» ընկերության տնօրեն) - Հավաքում ենք պացիենտների կենսանյութը և ուղարկում Մոսկվա: Նաև ունենք նեղ մասնագետներ, բժշկական խորհրդատվություն է կատարվում՝ էնդոկրինոլոգ, ուրոլոգ, գինեկոլոգ:
Օրենսդրական մի շարք կարգավորումների շնորհիվ մարզում ավելացել է կարգապահ հարկ վճարողների թիվը: Բազմաթիվ տնտեսվարողներ կարողացել են հարկային եկամուտներ ապահովել, կատարել իրենց պարտավորությունները պետության առաջ: Ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող ընկերությունն այս տարի մոտ 15 մլն դրամ հարկ կվճարի:
Վարդան Կարապետյան («Գրիգորշին» ընկերության տնօրեն) - Շահագործումն ու պահպանումը ամենօրյա աշխատանք է, պետք է վնասված հատվածները շուտ վերանորոգվի, որ վնասը չտարածվի:
«Մուսալեռ» ընկերությունը ամիսը 2 միլիոնից ավելի պիտակ և մոտ 1 մլն տուփ է տպում: Ծառայությունից օգտվում են այն տնտեսվարողները, որոնց արտադրանքը փաթեթավորման անհրաժեշտություն ունի:
Ռուզաննա Հարությունյան («Մուսալեռ» տպագրատան փոխտնօրեն) - Ի սկզբանե ստեղծվել էինք գիրք տպագրելու համար, բայց քանի որ Հայաստանը դարձավ խմիչք արտահանող երկիր, վերաորակավորվեցինք:
Եթե մինչև 2018 թվականը Արմավիրում ակտիվ էին հիմնականում առևտրի և սպասարկման ծառություն իրականացնողները, ապա վերջին տարիներին աշխուժություն է նկատվում այլ ոլորտներում նույնպես:
Էդվարդ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետ) - Ակտիվացել է նաև արտադրության ոլորտը, գյուղոլորտում կա մեծ ակտիվություն, մեծ հողակտորներ են մշակում:
Գիտակցելով, որ պետությունն ամուր է նաև իրենց վճարած հարկերով, գործարարները պարտավորվում են շարունակել շահավետ գործարքը պետության հետ: