Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:
Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և մարտահրավերները: Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրադրությունը, հումանիտար խնդիրները:
Խորհրդարանի փոխխոսնակը երախտագիտություն է հայտնել Նիդերլանդների խորհրդարանի գործընկերներին՝ 2020 թ. աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը և դրա հետևանքները դատապարտող բանաձևերի ընդունման համար:
Անդրադարձ է եղել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները հետևողական են լինելու մեկնարկած բարեփոխումների իրականացման հարցում:
Զրուցակիցները խոսել են հայ-նիդերլանդական միջխորհրդարանական համագործակցության խորացման, փոխայցերի անհրաժեշտության, խորհրդարանական հարթակում համատեղ ծրագրերի իրականացման մասին: