ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք հնարավորություն կտան առավել հստակեցնել և գործնական փուլ տեղափոխել նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ հայ-ղազախական ոլորտային հարաբերություններում առկա է զգալի ներուժ, որը պետք է շարունակել ճիշտ օգտագործել և ուղղել ի շահ երկու ժողովուրդների բարեկեցության․
«Ներկայումս Ղազախստանի մեր գործընկերների հետ հեռավար կարգով տեղեկատվության և փորձի փոխանակում է իրականացվում՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի տարբեր իրավակարգավորումների ու զարգացումների վերաբերյալ։
Կարծում ենք՝ Տնտեսական համագործակցության հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակում ամրագրված միջգերատեսչական հուշագրի ստորագրումը մեր համագործակցության ուղղությունները կդարձնի առավել կանոնակարգված և արդյունավետ»։
Բոլատ Իմանբաևը ներկայացրել է Ղազախստանի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղություններն ու ոլորտային առաջնահերթությունները՝ միաժամանակ նշելով, որ դրա շրջանակում արդյունավետ կարող է լինել նաև Հայաստանի փորձը․
«Տեղյակ ենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը լայնածավալ աշխատանքներ է իրականացնում աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում։ Կարծում ենք, որ նախարարությունը լուրջ բարեփոխումներ իրականացնող կարևոր գերատեսչություններից է, որի նախաձեռնած փոփոխությունները գլոբալ զարգացումների տեսանկյունից հետաքրքրական են և կարող են օրինակ ծառայել նաև Ղազախստանի համար»։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է ժողովրդագրության, սոցիալական բնակապահովության, աշխատանքի և զբաղվածության ոլորտներում իրականացվող ծրագրերի դերը․ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով իրականացնել փորձի փոխանակում։