Մանկական պալիատիվ՝ ամոքիչ օգնություն այն երեխաների համար, որոնք ունեն անբուժելի կամ կյանքի որակը սահմանափակող հիվանդություններ: Հայաստանում ներդրվող այս ծառայությունը միտված է հնարավորինս մեղմել նման երեխաների հոգեկան ու ֆիզիկական տառապանքները, ապահովել կյանքի որակը, աջակցել ընտանիքներին:
Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է մանկական պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու իրականացման հայեցակարգը, որը մշակվել է՝ հաշվի առնելով աշխարհի զարգացած և զարգացող երկրների փորձը:
Վերջին տասնամյակներում աշխարհի երկրների մեծ մասում, այդ թվում՝ Հայաստանում, էական հաջողություններ են գրանցվում երեխաների առողջության պահպանման ոլորտում. նվազում են մանկական մահացությունն ու հիվանդացությունը: Միևնույն ժամանակ, ավելանում են հոգեշարժական զարգացման խանգարումների դեպքերը, մասնավորապես այն պատճառով, որ կրճատվում է մահացությունը անհաս, ծանր պերինատալ ախտահարումներով ծնված երեխաների շրջանում և երկարում անբուժելի հիվանդություններով երեխաների կյանքի տևողությունը:
Լիլիթ Ավետիսյան (ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ) - Եվ առողջապահության արդիական խնդիրներից մեկն է հենց այս երեխաներին ուղղել որոշակի խումբ ծառայություններ:
Գնահատվել է, որ Հայաստանում տարեկան շուրջ 3 հազար երեխա կարիք է ունենում պալիատիվ օգնության: Հայեցակարգով նախատեսվում է հիվանդանոցային պալիատիվ ծառայությանը զուգընթաց զարգացնել արտագնա տնային ծառայությունները՝ դրանք իջեցնելով մինչև առողջության առաջնային պահպանման օղակ և մոտեցնելով երեխայի միջավայրին:
Նախորդ տարվա հոկտեմբերին բացվել է առաջին մանկական պալիատիվ հիվանդանոցային բաժանմունքը Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում՝ հինգ մահճակալով: Դրանք նախատեսված են արյան քաղցկեղով երեխաների համար: Պալիատիվ խնամքի ևս երեք մահճակալ կա Արաբկիր բժշկական համալիրում:
Լիլիթ Ավետիսյան - Երեխաները կտրվում են դպրոցից, իրենց առօրյա միջավայրից, ընտանիքից, եթե հիվանդանոցային պայմաններում են լինում, մինչդեռ երեխայակենտրոն սկզբունք ունենք, հետևաբար պետք է երեխային հարմար և ընդունելի միջավայրում կազմակերպվի պալիատիվ բժշկական օգնությունը, որին էլ միտված է, բացի հիվանդանոցայինից, ստեղծել արտահիվանդանոցային պալիատիվ օգնություն:
Հիվանդանոցային պայմանների կարիք չունեցող երեխայի պալիատիվ օգնությունը կկազմակերպվի բազմամասնագիտական թիմի միջոցով: Կարևոր սկզբունքներից է նաև երեխայի իրավունքների պաշտպանությունը և իրեն վերաբերող որոշումների կայացմանը մասնակցելը:
Լիլիթ Ավետիսյան - Ցանկացած երեխա, անկախ իր առողջական վիճակից, մատուցվող ծառայություններից, սեռից, տարիքից, պետք է լինի հասարակության լիիրավ անդամ, հաշվի առնվի երեխայի ցանկությունը, և, ինչու չէ, նաև կարծիքը իր բուժման վարման, հետագա կյանքի վերաբերյալ որոշումների կայացմանը:
Մանկական պալիատիվ օգնության այս մոդելը ամռանը կներդրվի փորձնական կարգով: Թե որ հաստատությունում՝ դեռ վերջնական որոշում չկա:
Հեղինակ՝ Աննա Զախարյան