ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու հիմքով վարչական պատասխանատվության է ենթարկվել Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։
Մասնավորապես՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժինը ստուգում պետք է իրականացրել ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի Արարատյան փող․, հ․16/1 հասցեում գործող առևտրի սրահի վերակառուցման և արդիականացման նկատմամբ։ Սակայն Մասիս համայնքի ղեկավարի կողմից չի կատարվել ՀՀ կառավարության 2015 թ․ մարտի 19-ի «ՀՀ-ում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 596-ն որոշման պահանջը։
Դրա համաձայն՝ ավարտված շինարարությունը փաստագրող ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավվում են կառուցապատողի, կապալառուի, տեխնիկական հսկողություն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` հեղինակային հսկողություն իրականացնող անձինք, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի համապատասխան տարածքային բաժնի, մատակարար կազմակերպությունների, ինչպես նաև օրենքով համապատասխան վերահսկողական իրավասություններով օժտված այլ շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչները:
Բարձր ռիսկայնության աստիճանի օբյեկտների դեպքում հանձնաժողովի կազմում ներգրավվում են նաև հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի համապատասխան մասնագետներ:
Միջին ռիսկայնության օբյեկտների դեպքում ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկվում է տարածքային բաժնի ներկայացուցիչը՝ բացառությամբ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցված օբյեկտների: Այսինքն՝ Մասիս համայնքի ղեկավարը թույլ է տվել ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգի խախտում, այն է՝ հանձնաժողովի կազմում չի ընդգրկել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ներկայացուցչի, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157 11-րդ հոդվածով սահմանված է տուգանք։
Ուստի, հիմք ընդունելով վերոնշյալ խախտումը և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 244 11-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 1-ին կետով՝ ՔՏՀԱ տեսչական մարմինն Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավար Դ․ Համբարձումյանին ենթարկել է վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ տուգանք՝ 200 000 (երկու հարյուր հազար) դրամ գումարի չափով: