Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Վալենտինա Մատվիենկոն ողջունել է վարչապետին Դաշնության խորհրդում և նշել, որ միջխորհրդարանական մակարդակում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը բավական հաջող զարգացման ընթացք ունի:
Տիկին Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին միջխորհրդարանական համագործակցությունը զարգացնելու աշխատանքներին աջակցելու համար:
«Միջխորհրդարանական հանձնաժողովը հաջողությամբ կատարում է իր աշխատանքը: Ռուսական կողմից հանձնաժողովը ղեկավարում է Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը, որը շատ պատասխանատու ձևով կատարում է իր աշխատանքը: Հանձնաժողովի ռուսական կողմի անդամները վաղը մեկնում են Երևան անցկացնելու արդեն 34-րդ նիստը»,- ասել է Մատվիենկոն:
Երկկողմ համագործակցությունից զատ, Վալենտինա Մատվիենկոն ընդգծել է նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում արդյունավետ աշխատանքը:
Իր հերթին վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, երկու երկրների միջև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի 25-ամյակը, ՀԱՊԿ գործունեության 30-ամյակը:
«Այս ընթացքում տեղի ունեցան նաև դրամատիկ իրադարձություններ, պետք է ամեն ինչ վերլուծել և տեսնել, թե որտեղ ենք հասել այն արդյունքներին, որոնք նախանշել էինք և ահա այդ համատեքստում պլանավորել մեր առաջիկա անելիքները, համատեղ ծրագրերը: Այդ գործընթացներում, ես կարծում եմ, որ առանցքային դեր են խաղում նաև միջխորհրդարանական կապերը»,- ասել է վարապետ Փաշինյանը:
ՀՀ կառավարության ղեկավարը հավելել է, որ ռուս գործընկերների հետ արդյունավետ համագործակցություն է ձևավորվել ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում: Վարչապետի խոսքով` նույնիսկ հաջողված ձևաչափերում պետք է մտածել, թե աշխատանքներն ինչպես կարելի է կազմակերպել առավել արդյունավետ, հատկապես երբ ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության հետագա զարգացման, ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև կրթության, մշակույթի և հումանիտար այլ հարցերի շուրջ: