Խոշոր հարկ վճարողները միասին ընթացիկ տարվա առաջին եռամսյակում պետբյուջե են վճարել 327 մլրդ 72 մլն դրամ: Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը:
Հարկերի գծով մուտքերը կազմում են 278 մլրդ 321 մլն դրամ, մաքսատուրքերի գծով եկամուտները՝ 48 մլրդ 751 մլն դրամ: Առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ վճարած 35 մլրդ 448 մլն դրամով, երկրորդը «Գազպրոմ Արմենիան» է՝ 20 մլրդ 82 մլն դրամով, երրորդը Հայաստանի պաշտպանության նախարարությունն է՝ 8 մլրդ 631 մլն դրամով:
Կարեն Սարգսյան (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կառավարման ամբիոնի վարիչ) - Առաջին տասնյակի մեջ մտնում են 3 հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպություններ, 2 հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններ, 2 վերամշակող կազմակերպություններ, 1 մանրածախ և մեծածախ առևտրով զբաղվող կազմակերպություն և 1 IT ոլորտի և զվարճությունների, այսպես ասած, ոլորտի կազմակերպություն:
Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 1000 խոշոր հարկ վճարողների հարկերն աճել են 25.7 տոկոսով, իսկ 2020-ի համեմատ՝ 18.8 տոկոսով: Տասնյակում գտնվող ընկերությունները միասին վճարել են 95 մլրդ 815 մլն դրամ: 2021 թվականի ընթացքում ցանկի վերջին տեղերը զբաղեցնող տնտեսվարողները վճարել էին 43, իսկ այս տարի` 52 մլն դրամ:
Զառա Մելքումովա (ՀՀ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ) - Այս տարվա ցանկում ունենք շուրջ 250 տնտեսվարող, որոնք նախորդ ցանկում չեն եղել և այս անգամ իրենց վճարումներով ընկել են 22 թվականի խոշորների ցանկ, որոնց կողմից շուրջ 24 մլրդ հարկ է վճարվել: Դրանք այն կազմակերպություններն են, որոնք գրանցվել են 2021 թվականի ընթացքում, բայց կան նաև կազմակերպություններ, որոնք գրանցված եղել են, ուղղակի իրենց վճարումներով կարողացել են իրենց տեղը զբաղեցնել 1000 խոշորի ցանկում:
Ցուցակը գլխավորող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած հարկերն էականորեն ավելի են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի վճարումներից: Զառա Մելքումովայի խոսքով՝ դա պայմանավորված է ստուգումների ընթացքում առաջացած լրացուցիչ 15 մլրդ դրամի հարկային պարտավորություններով: Իսկ ավանդաբար խոշոր հարկատուների տասնյակում ներառված «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն այս անգամ նույնիսկ 1000-ի մեջ չկա: ՊԵԿ-ից պարզաբանում են.
Զառա Մելքումովա - Ընկերությունը 2021 թվականի արդյունքներով ներկայացրել է ռոյալթիի հաշվարկ, որտեղ հայտարարագրած հարկը եղել է ավելի պակաս, քան տարվա ընթացքում իր վճարած կանխավճարները: Այդ՝ շուրջ 7.6 մլրդ բացասական տարբերությունը տվյալ կազմակերպությանը դուրս է թողել մեր 1000 խոշորների ցանկից:
Խոշոր ընկերությունների վճարած հարկերը՝ հատկապես հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալողներինը, պղնձի համաշխարհային գների բարձր աճի հաշվին են եղել՝ նշում են մասնագետները:
Կարեն Սարգսյան - Քանի որ հանքարդյունաբերության ոլորտը դեռևս մեր տնտեսության մեջ գերակշիռ մաս է կազմում, ապա ենթադրաբար նաև պետք է, որ այդ խոշոր հարկ վճարողների ցանկում ավելի շատ ներառված լինեն այդ ոլորտի կազմակերպություններ: Սակայն տնտեսության կառուցվածքը գնալով փոփոխվում է և դրական կողմով: Այսինքն` վերամշակող արդյունաբերությունը սկսում է ավելի կարևոր դեր խաղալ մեր տնտեսության համար:
1000 խոշոր հարկատուներին ավելացված արժեքի և ակցիզային հարկերի գծով վերադարձվել է 26 մլրդ դրամ: Հայաստանում առկա մոտ 121 հազար տնտեսվարողից 46 հազարը միկրոձեռնարկատերեր են և ազատված են հարկերից: Ստացվում է, որ առաջին եռամսյակում հավաքված ընդհանուր հարկերից (400.6 մլրդ դրամ) մոտ 82 տոկոսը (81.7 տոկոսը) 1000 տնտեսվարողների է բաժին ընկնում, իսկ մնացած 18.3 տոկոսը՝ մի քանի տասնյակ հազարին:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան