Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ այսօր կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում՝ «Կրթության հասանելիության և մատչելիության հիմնախնդիրները ՀՀ սահմանամերձ համայնքների դպրոցներում» թեմայով:
Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԳՄՍՆ-ի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի և Արարատի մարզպետարանների, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ներկայում տարբեր կազմակերպություններ ցանկանում են աջակցել հատկապես սահմանամերձ համայնքների դպրոցներին՝ պայմանների բարելավման և կարողությունների զարգացման գործում, սակայն երբեմն այդ ծրագրերը համակարգված չեն և մեկը մյուսին խանգարում են, ինչպես նաև համադրված չեն պետական քաղաքականության հետ:
«Ակնհայտ է, որ մեկ միասնական հարթակի ձևավորման խնդիր ունենք, որը թե՛ իրազեկման նպատակ կունենա՝ նախատեսվելիք ծրագրերի մասով, և թե՛ առկա բացերի բացահայտման՝ առկա ռեսուրսների համակարգման առումով»,- նշել է փոխնախարարը՝ ներկայացնելով ՀՀ Կառավարության՝ հանրակրթական դպրոցների հիմնանորոգման և բարելավման համալիր ծրագիրը:
Նա շեշտել է, որ Կառավարության ծրագրում կան սահմանված հստակ թիրախներ՝ ուղղված դպրոցների և մանկապարտեզների ենթակառուցվածքների բարելավմանը, և այդ համատեքստում ներկայացրել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» խորագրով կապիտալ բնույթի մեծածավալ ծրագիրը:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախորդ տարի մեկնարկած և Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերի համար նախատեսված մոդելը որակյալ կրթության ապահովման և կրթական հասանելի ծառայությունների կազմակերպման ամբողջությամբ նոր մոտեցում է, որի տրամաբանությամբ էլ ամբողջ երկրում կկազմվի կրթական ծառայությունների քարտեզը:
Ըստ նախարարի տեղակալի՝ Սյունիքի 31 գյուղական բնակավայրերում իրականացվել է տվյալների մանրամասն վերլուծություն՝ երեխաների թիվ, շենքային պայմաններ, գործող կրթական ծառայություններ, ճանապարհների վիճակ և այլն, որի արդյունքում կազմվել է 13 կրթահամալիր ունենալու ծրագիրը:
Նրա խոսքով՝ այդ կրթահամալիրները կտրամադրեն կրթական ամբողջական ծառայություններ՝ նախադպրոցական, դպրոցական, արտադպրոցական, ինչպես նաև մեծահասակների համար կապահովեն ոչ ֆորմալ կրթական միջավայր՝ վերածվելով համայնքային կենտրոնների:
Ժաննա Անդրեասյանը փաստել է՝ գծվել են առանձին երթուղիներ՝ շրջակա բնակավայրերի երեխաներին սպասարկելու համար, կազմվել է առանձին տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծրագիր՝ երեխաների անվտանգ տեղափոխման համար, կարևորվել է միջհամայնքային ճանապարհների խնդիրը և այլն:
«Այս ամենը թույլ կտա ունենալ մի ամբողջական միջավայր, որտեղ խոշորացված համայնքի բոլոր երեխաները որակյալ կրթության հնարավորություն կստանան, կապահովվի ոչ ֆորմալ կրթական միջավայր, որտեղ երեխաները կարող են զարգացնել իրենց կարողությունները, ինչպես նաև նոր հնարավորություններ կբացվեն համայնքի համար: Այսինքն՝ այս ծրագիրն ուղղված է ոչ միայն ենթակառուցվածքների բարելավմանը, այլև կրթական բոլոր բաղադրիչների ամբողջության ապահովմանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ Սյունիքի մարզի համար տեղորոշման մասով այն արդեն ավարտվել է. նախատեսվում է ներդնել մյուս մարզերում:
Հետևաբար, փոխնախարարը կարևորել է գործընկերների հետ համակարգված աշխատանքը, որպեսզի ներդրված ռեսուրսներն ավելի արդյունավետ, թիրախային և հասցեական լինեն: Նա առաջարկել է գործընկերների հետ ստեղծել մեկ միասնական տեղեկատվական շտեմարան, որտեղ նկարագրված կլինեն տվյալ տարածաշրջանում իրականացվող նմանօրինակ ծրագրերը, որոնք պարբերաբար կթարմացվեն:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության կրթության հասանելիության ծրագրի ղեկավար Մանուկ Խաչատրյանը ներկայացրել է սահմանամերձ դպրոցներում կրթության հասանելիության/մատչելիության՝ ԿԽՄԿ գնահատման ամփոփ արդյունքները:
Նրա խոսքով՝ գնահատման նպատակն էր պարզել, թե ինչ հետևանքներ են թողել հակամարտությունները կրթության հասանելիության վրա: Գնահատման շրջանակում 55 դպրոցում իրականացվել են ֆոկուս խմբային քննարկումներ և հարցազրույցներ՝ տնօրենների, ուսուցիչների, ծնողների, համայնքի ղեկավարների և այլ անձանց հետ: Արդյունքում վեր են հանվել մի շարք կարիքներ, մասնավորապես՝ կրթական հաստատությունների տեսանելիությունը մարտական դիրքերից, պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներին, ուսուցիչների, ՏՏ սարքավորումների պակասը և համացանցային թույլ կապը, ինչպես նաև ֆիզիկական անբավարար ենթակառուցվածքները, սանիտարահիգիենիկ պայմանները և այլն:
Մանուկ Խաչատրյանը ներկայացրել է նաև 2021-2022 թթ. ԿԽՄԿ-ի իրականացրած ծրագրերը՝ վեր հանված կարիքների ուղղությամբ:
Հիմնական զեկույցներից հետո քննարկման մասնակիցները ներկայացրել են ՀՀ սահմանամերձ դպրոցների ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված տարբեր կազմակերպությունների իրականացրած և պլանավորած նախագծերը: Այնուհետև ծավալվել է քննարկում՝ միջամտությունների կենտրոնացված համակարգման և համատեղ ծրագրերի իրականացման ուղիների շուրջ: Հանդիպման ավարտին քննարկման մասնակիցները նախանշել են հետագա քայլերը: