Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ ապրիլի 18-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը աշխատանքային այց է կատարել Գորիս համայնքի Շուռնուխ և Որոտան բնակավայրեր։
Շուռնուխում մարզպետը դիտարկել է ՀՀ Կառավարության միջոցներով կառուցվող նոր բնակելի թաղամասի շինարարության ընթացքը, մինչ այժմ արվածի արդյունքները, հետևել որակին, խոսել շինարարների հետ․ 170 քմ մակերեսով 13 տները տերերին կհանձնվեն ամբողջովին նորոգված ու ավարտուն տեսքով։
Որոտանում մարզի ղեկավարը մասնակցել է համայնքային միջոցներով հիմնանորոգված ու բնակելիի վերափոխված շենքում բնակարանամուտի արարողությանը․ այստեղ բնակարան է ստացել վեց ընտանիք՝ երեքը՝ Որոտանում բնակվող, երեքը՝ Արցախից տեղահանված։
Բանալիները տանտերերին են հանձնել Ռոբերտ Ղուկասյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, մարզի համայնքների ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ։
Շնորհավորելով շենքի բնակիչներին՝ մարզպետը նշել է, որ այսօր Որոտանում բնակարանամուտ տոնելը չափազանց կարևոր է․ «Դրանով ամրագրում ենք, որ սյունեցին մնալու և արարելու է Սյունիքում, այստեղ երեխաներ են ծնվելու, ու Սյունիքը, ինչպես և հազարամյակներ շարունակ, ապացուցում է ու դեռ կապացուցի, որ ոչինչ չի կարող կոտրել իր միասնականությունը, ոգին, սեփական հողում ամուր կանգնելու կամքը»։
Որոտանում Ռ․Ղուկասյանն այցելել է նաև նոր գործարկվող հացի թխման արտադրամաս, որն այսօրվանից արդեն հաց կառաքի Շուռնուխ, Որոտան, Բարձրավան բնակավայրեր։
Մարզպետարանից հիշեցնում են, որ Կապան-Գորիս ճանապարհի մի հատվածի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբն ամեն օր անվճար հաց է հասցրել այդ գյուղեր՝ մինչև տեղում հաց ունենալու խնդիրը կլուծվեր։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ բնակիչներից մեկը արտադրամաս է հիմնել, իսկ միջգերատեսչական աշխատանքային խումբը հատկացրել է ավտոմեքենա՝ հացն անհրաժեշտ վայրեր հասցնելու համար։
Ձեռնարկատերը մարզպետին հավաստիացրել է, որ այնտեղ թխվող 5 տեսակի հացն ամբողջությամբ կբավարարի գյուղերի պահանջարկը, հետագայում նաև կմեծացվեն արտադրության ծավալները։