ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՌԴ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը տեսակապով զրուցել է ԱՄՆ-ի դաշնակից և գործընկեր երկրների և միջազգային կառույցների ղեկավարների հետ: Քննարկման հիմնական թեման եղել է ՌԴ-ի դեմ ուղղված միջոցների համակարգումը և Ուկրաինային աջակցելու հարցը: Զրույցը տեղի է ունեցել մամուլի համար փակ ռեժիմով: Ավելի վաղ Վաշինգտոնը Ռուսաստանի դեմ սահմանվող նոր պատժամիջոցների մասին էր հայտարարել: Սպիտակ տունը նշել է, որ կշարունակի ուսումնասիրել Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների պատճառով լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հարցը, ինչպես նաև գործող պատժամիջոցները խստացնելու ուղիները՝ հայտարարել էր Սպիտակ տան խոսնակը: Ջեն Սակին խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը կավելացնի՞ Ռուսաստանին ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկում:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԵՐԿԱՐԱՑՆԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջարկել է երկարաձգել ռազմական դրությունը երկրում։ Օրինագիծն այսօր գրանցվել է Գերագույն Ռադայում։ Նա առաջարկում է Ուկրաինայում ռազմական դրությունը երկարացնել 2022 թվականի ապրիլի 25-ից՝ 30 օրով։ Ուկրաինայի ղեկավարը Գերագույն ռադայի ղեկավարության, պատգամավորների և կառավարության անդամների հետ քննարկել է նաև պատերազմի պայմաններում պետության գործունեության կարևորագույն օրենսդրական նախաձեռնությունները՝ ռազմական դրությունը շարունակելու մասին հրամանագրից մինչև քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի օրենսդրությունը պետք է համապատասխանի օրվա պահանջներին։
ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ուկրաինայում սկսվում է հատուկ ռազմական գործողության հաջորդ փուլը՝ ուղղված Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ամբողջական ազատագրմանը՝ India Today-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը: Սերգեյ Լավրովի խոսքով՝ ռազմական հատուկ գործողությունը հասել է շատ կարևոր կետի: Լավրովի խոսքով՝ իր երկիրն այս փուլում դիտարկում է միայն սովորական սպառազինության կիրառման տարբերակը: Խոսելով ռուս-ուկրաինական բանակցությունների մասին՝ Լավրովը հայտարարել է, որ Կիևը չի գնահատել Ստամբուլի բանակցություններից հետո Ռուսաստանի կատարած «բարի կամքի ժեստը»՝ փոխել Ուկրաինայում զորքերի դիրքավորումը:
«Կիևը չգնահատեց այդ կարևոր քայլը, փոխարենը բեմադրեց Բուչայի դեպքերը»,- նշել է Լավրովը:
Հարցազրույցի ընթացքում Ռուսաստանի գլխավոր դիվանագետը հայտարարել է նաև, որ Արևմուտքը դավաճանել է Զելենսկիին:
«Նրանք պարզապես օգտագործեցին Զելենսկիին Ռուսաստանի դեմ»,- կարծում է Սերգեյ Լավրովը:
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔ Է ԲԱՑՎԵԼ ՄԱՐԻՈՒՊՈԼԻՈՒՄ. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մարդասիրական միջանցք է բացել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից ուկրաինական ուժերի դուրս գալու համար: Հայտարարվել է նաև լռության ռեժիմ՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը: Ապրիլի 19-ի առավոտյան Դոնեցկի ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հայտարարել էր, որ ԴԺՀ-ի կազմավորումները ռուսական օդուժի և հրետանու աջակցությամբ սկսել են Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի գրոհը, որի տարածքում գտնվում են ուկրաինական զինված ուժերը: Բասուրինը հույս էր հայտնել, որ ձեռնարկության տարածքում գտնվող ուկրաինացի զինվորները կհանձնվեն:
ՌԴ-Ն «ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՀԱՐՁԱԿՈՒՄ» Է ՍԿՍԵԼ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ. ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՊՆ
Ռուսաստանը «լայնածավալ հարձակում» է սկսել Արևելքում՝ դեպի Ղրիմ միջանցք ստեղծելու համար, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության խոսնակը: Ալեքսանդր Մոտուզյանիկը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ ռուսական կողմն ուժեղացրել է հարձակումն արևելյան ուղղությամբ՝ նպատակ ունենալով ոչնչացնել Ուկրաինայի զինված ուժերը և գրավել Դոնեցկի և Լուգանսկի շրջաններն ամբողջությամբ: Խոսնակը վստահեցրել է, որ Ռուսաստանի ԶՈւ շարունակում է հրթիռային և ավիացիոն հարվածներ հասցնել Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտներին:
ԵՄ-ԻՑ ԶԵՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՉԻ ՆՊԱՍՏՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇԱՐՈՒՆԱԿՄԱՆԸ
Եվրամիության կողմից Ուկրաինային զենքի տրամադրումը չի նպաստում պատերազմի շարունակմանը: Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հայտարարել է, որ Եվրամիությունից Ուկրաինային ավելի շատ զենք տրամադրելը ոչ թե պատերազմի ձգձում է նշանակում, այլ օգնություն՝ երկրի պաշտպանությանը։ Լրագրողի հարցին, թե արդյոք Ռուսաստանին կարելի է հաղթել մարտի դաշտում, ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, Ստանոն պատասխանել է, որ այդ հարցերը պետք է քննարկվեն սեղանի շուրջ:
«ԵՄ-ն կօգնի Ուկրաինային, կշարունակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և Ռուսաստանի միջազգային մեկուսացումը»,- հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը:
ԳՈՒՏԵՐԵՇԸ ԿՈՂՄԵՐԻՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ԿՈՉ Է ԱՐԵԼ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել կողմերին՝ ապրիլի 21-ից չորս օրով հումանիտար զինադադար հաստատել Ուկրաինայում՝ կապված ուղղափառ քրիստոնյաների Զատիկի տոնակատարության հետ։
«Կոչ եմ անում Ավագ շաբաթվա ընթացքում մարդասիրական քառօրյա դադարի՝ սկսած Ավագ հինգշաբթիից մինչև կիրակի՝ ապրիլի 24-ը՝ ապահովելու մի շարք մարդասիրական միջանցքների բացումը»,- ասել է Գուտերեշը:
ՄԱԿ-ը պատրաստ է մարդասիրական ավտոշարասյուներ ուղարկել Մարիուպոլ, Խերսոն, Դոնեցկ և Լուգանսկ՝ Ուկրաինայում զատկական զինադադարի դեպքում՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
ԲԱՂԴԱԴԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱՔՈՒՄ
Իրաքի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունը խախտում է երկրի ինքնիշխանությունը և անձեռնմխելիությունը, հայտարարել է Իրաքի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ աս-Սահաֆը: Արտգործնախարարությունն Անկարային կոչ է արել երկրի տարածքը չվերածել հակամարտությունների և արտաքին ուժերի կողմից իրենց հաշիվները պարզելու թատերաբեմի: Նախօրեին Թուրքիան հատուկ ռազմական գործողություն է սկսել Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ։ Նշվում է, որ գործողությանը ներգրավված են հատուկ նշանակության ստորաբաժանումներ և օդուժ։