Ընդամենը 1 ամիս՝ նախկին 3-ի փոխարեն, և յուրաքանչյուր օտարերկրացի կարող է Հայաստանում աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակ ստանալ: Եռակի կրճատված ժամանակը առավելությունների ընդամենը մի մասն է: Workpermit.am հարթակի միջոցով ամբողջ գործընթացը թվայնացվել է, այլևս անհրաժեշտ չէ գնալ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ապա՝ անձնագրային և վիազաների վարչություն, հետո՝ միգրացիոն ծառայություն: Հիմա հասցեն մեկն է՝ Workpermit.am:
Հեղինե Հովհաննիսյան (ընկերության մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար) - Արդեն օգտվել ենք կայքից, սարսափելի հեշտացված է ամեն ինչը: Նախկինում սա ժամանակատար պրոցես էր, ընդ որում՝ ոչ միայն ժամանակ էր տանում, ըստ էության, վնաս էր գործատուին, որովհետև եթե գործատուի աշխատողը զբաղված էր անընդհատ թուղթը տանել-բերելով, վճարումներ անելով, երկարատև պրոցեսով, ապա մնացած բոլոր աշխատանքներն են տուժում, հատկապես երբ ընկերությունում կան 1-ից կամ 50-ից ավելի օտարերկրացիներ:
Անհրաժեշտ է մի քանի գործողություն. նախ՝ գործատուն գրանցվում է հարթակում, ապա՝ լրացնում թափուր աշխատատեղի նկարագրությունը: Այդ ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ուսումնասիրում է հայտը:
Արմեն Ղազարյան (ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ) - Նախարարությունը առաջարկում է, եթե ունի իր տեղեկատվական բազաներում համարժեք աշխատանքային նկարագրի համար Հայաստանի քաղաքացի աշխատող, ուրեմն ներկայացնում է Հայաստանի քաղաքացի աշխատողին, եթե վերցվում է Հայաստանի քաղաքացի աշխատողը, ապա գործը փակվում է, եթե ոչ, անցնում ենք հաջորդ փուլին, որտեղ ստուգվում են օտարերկրացու տվյալները, անցնում են համապատասխան անվտանգային ստուգումներ, և նրան տրամադրվում է մինչև 1 տարով կացության կարգավիճակ կամ մերժվում է, կախված ինչ արդյունքներ ենք ստանում անվտանգային ստուգումների արդյունքում:
Այս հարթակին հասանելիություն ունեն բոլոր շահագրգիռ պետական կառույցները: Միգրացիոն ծառայությունը կայքը գործարկվել է այս տարվա հունվարի 1-ին, հիմա արդեն շնորհանդեսն է ու աշխատանքային քննարկումը: Տարեսկզբից մինչև ապրիլի 18-ը 260-ից ավելի օտարերկրացի արդեն պարզեցված տարբերակով ստացել է կացության կարգավիճակ, 170-ից ավելի ԵԱՏՄ երկրների քաղաքացի էլ՝ օրինական բնակությունը հավաստող տեղեկանք:
Վաչե Տերտերյան (ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ) - Քառամսյա մեր փորձը մեզ հնարավորություն է տվել կամ առիթ է ստեղծել, որ մենք այսօր քննարկենք որոշակի բարելավումների կամ որոշակի շտկումների հնարավորություն՝ ելնելով եղած պրակտիկայից:
Միգրացիոն ծառայությունը գործատուների հետ մշտական կապի մեջ է: Ծառայության պետը վստահեցնում է՝ բարձրաձայնած որևէ առաջարկ ու խնդիր չի անտեսվում, նորաստեղծ կայքում նույնիսկ որոշ փոփոխություններ ու բարելավումներ են արդեն իրականացրել: