Նախնական մաքսային հայտարարագրով դյուրինացվել է ներմուծման գործընթացը: Եթե նախկինում մաքսային բոլոր գործառույթներն իրականացվում էին սահմանային մաքսակետերում և օրեր էին տևում, հիմա մինչև ապրանքների ներմուծումը, տնտեսվարողներն առնվազն 12 ժամ առաջ ներկայացնելով էլեկտրոնային նախնական մաքսային հայտարարագիր՝ առանց ժամանակ և ֆինանսական միջոցներ վատնելու, կարող են իրականացնել հայտարարագրված ապրանքների բացթողնման հետ կապված բոլոր գործառնությունները:
Արամ Շահինյան (ընկերության ներկայացուցիչ) - Մեքենան եկավ մաքսային պահեստ, թղթերը պետք ա վերցնեին, գնային մաքսատուն, հետո կատարեինք վճարում, ինքը ամբողջ օրվա գործընթաց էր, հիմա այցելություն մաքսատուն բացառվում ա, մաքսավորների հետ շփումը դարձել է միայն առցանց, օնլայն ռեժիմով, բավականին լուրջ բարեփոխում ա:
Եթե նախկինում անհրաժեշտություն էր առաջանում ներմուծված ապրանքը թողնել մաքսային ժամանակավոր պահեստում՝ ծախսելով հավելյալ միջոցներ, հիմա 24/7 ռեժիմով, առանց հավելյալ վճարների հնարավոր է շատ արագ իրականացնել մաքսային ձևակերպումները:
Սամվել Ղազարյան (ՀՀ ՊԵԿ ՄՀՎ նախնական մաքսային հայտարարագրի հսկողության բաժնի պետ) - Մենք նախօրոք արդեն տնտեսվարողի հայտարարագրի տեղեկությունների հիման վրա վերլուծած ենք լինում էն ռիսկերը, թե ինչ ապրանք ենք սպասում, ինչ գործընթացներ պետք է իրականացնենք:
Համակարգը հնարավորություն է տալիս տնտեսվարողին սահմանից արդեն տնօրինելու ներմուծված ապրանքը:
Նորամուծությունից կարող են օգտվել այն ընկերությունները, որոնք ավելացված արժեքի հարկ վճարող են, և մաքսային հայտարարագրի գրանցման տարվան նախորդող մեկ օրացուցային տարում ներմուծել են ապրանքներ, որոնց մաքսային արժեքը կազմում է առնվազն 300 մլն դրամ, ինչպես նաև նույն ժամանակահատվածում՝ ներկայացված ապրանքների հայտարարագրերի 80 և ավելի տոկոսը ձևակերպել ապրանքների մաքսային արժեքի որոշման առաջին մեթոդով: Պարտադիր պայման է նաև, որ տնտեսվարողն ունենա օրինապահ հարկ վճարողի հավաստագիր:
Ռուստամ Բադասյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Օրինապահության հատկանիշը ինչ-որ պահի դառնալու է որոշիչ, որովհետև ցանկացած լավ ծառայությունից օգտվել են օրինապահ հարկ վճարողները:
Տնտեսվարողը նախնական մաքսային հայտարարագիրը կարող է ներկայացնել trade.gov.am-ի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգի միջոցով: ՊԵԿ-ում աշխատանքներ են իրականացվում համակարգն է՛լ ավելի կատարելագործելու ուղղությամբ:
Ռուստամ Բադասյան - Մենք չենք կարծում որ տևում է 4.5 ժամ, դա լավ ցուցանիշ է, մենք կարծում ենք, որ հաշվառումը ինչ-որ պահից պետք է րոպեներից անենք, ոչ թե ժամերով և ժամանակի կրճատում անենք:
Նախնական հայտարարագրումից հնարավոր չէ օգտվել միայն, երբ ներմուծվող ապրանքը ենթակա է լաբորատոր փորձաքննության: Սննդի ներմուծման դեպքում հենց մաքսակետում հնարավոր է ստանալ տեսչական մարմնի ֆիտոսանիտարական սերտիֆիկատը։
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան