Մերձմոսկովյան Նովո Օգարյովոյի նստավայրում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Ողջունելով ՀՀ վարչապետին՝ Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան այցի օրակարգը բավական հագեցած է: Նա ընդգծել է, որ նախատեսվում է փաստաթղթերի ստորագրում, որոնք կհամալրեն երկկողմ բազան: Պուտինը հիշեցրել է, որ երկկողմ իրավական հարաբերությունների հիմքում կա 200 փաստաթուղթ, ինչը լավ հնարավորություն է ստեղծում՝ աշխատելու գրեթե բոլոր ուղղություններով:
«Այսօր մեր ուշադրության կենտրոնում են լինելու առաջին հերթին անվտանգային հարցեր, այդ թվում՝ կապված Ղարաբաղի հետ: Խնդիրներ դեռ շատ կան, համաձայն եմ: Սակայն մենք մշտապես կապի մեջ ենք Ձեզ հետ. եթե ոչ ամեն շաբաթ, ապա յուրաքանչյուր տասը օրը մեկ խոսում ենք հեռախոսով և կանոնավոր հանդիպումներ անցկացնում՝ չնայած համավարակային ժամանակաշրջանին»,- ասել է ՌԴ նախագահը:
ՀՀ վարչապետն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մոսկվա այցելելու հրավերի համար՝ հավելելով, որ այն նվիրված է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին: Փաշինյանը նշել է, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են: Նա հույս է հայտնել, որ այս այցի արդյունքում հարաբերությունների դինամիկան ոչ միայն կշարունակվի, այլև կլինի ավելի արդյունավետ։
«Մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հագեցած է գրեթե բոլոր ոլորտներում՝ սկսած տնտեսությունից, վերջացրած մշակույթով, կրթությամբ և ռազմատեխնիկական համագործակցությամբ: Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակցային գործընկերն է։ Մենք արդյունավետ համագործակցում ենք Եվրասիական տնտեսական միությունում, ԱՊՀ-ում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում»,- ասել է Հայաստանի ղեկավարը։
Փաշինյանի խոսքով՝ Ռուսաստանն առանցքային դեր ունի Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում:
«Կուզեի ընդգծել Ձեր բացառիկ դերը 2020 թ. Լեռնային Ղարաբաղում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման գործում: Դրանից հետո ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռային Ղարաբաղում ընդհանուր առմամբ ապահովում է տարածաշրջանի անվտանգությունը»,- իր խոսքում ընդգծել է Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ տարածաշրջանում գլխավոր քաղաքական հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: