Բուլղարիայում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունում Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Էրիկ Իսրայելյանը (60 կգ) և Արես Հակոբյանը (67 կգ), դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալներ:
1/4 եզրափակչում 67 կգ քաշային Արես Հակոբյանը հաղթանակ է տարել հույն Ջորջիոս Էֆտիդիամիսի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ:
Մեր մարզիկը տակտիկապես գրագետ մենամարտ է անցկացրել ու բոլոր ռաունդներում նկատելի առավելություն ունեցել մրցակցի նկատմամբ:
Արդյունքում՝ մրցավարների միաձայն որոշմամբ, Հակոբյանը 5:0 հաշվով հաղթանակ է տարել: 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանն էլ քառորդ եզրափակչում մեծ առավելությամբ հաղթահարել է Մոնտենեգրոյի ներկայացուցիչ Տոմիսլավ Ջինովիչի արգելքը:
Մեկնարկային վայրկյաններից հայ մարզիկը տարատեսակ հարվածներ է հասցրել Ջինովիչին և արդեն 20-րդ վայրկյանին մրցավարը հաշիվ է բացել:
Նոկդաունից հետո ևս Իսրայելյանը շարունակել է հարվածները, և, դեռևս առաջին ռաունդը չավարտված՝ ռինգի մրցավարն ու մրցաշարի բժիշկը դադարեցրել են մենամարտը ու հաղթանակը շնորհել Հայաստանի ներկայացուցչին:
Նշենք՝ այսօր երեկոյան կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարեն նաև 51 կգ քաշային Արեն Ասլամազյանը, 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը և 80 կգ քաշային Համլետ Ադամյանը: Ասլամազյանը քառորդ եզրափակչում կմենամարտի ադրբեջանցի բռնցքամարտիկի հետ, Մկրտչյանն ուժերը կչափի Անգլիայի ներկայացուցչի հետ, իսկ Ադամյանի մրցակիցը կլինի Լատվիան ներկայացնող բռնցքամարտիկը:
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 13 մարզիկով է մասնակցում Բուլղարիայում ընթացող մրցաշարին:
Հայաստանի ներկայացուցիչները մրցավայր են մեկնել մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ: