Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է:
Վարչապետին դիմավորեց ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությանը հնչեցին Հայաստանի և Ռուսաստանի պետական օրհներգերը:
Օրվա երկրորդ կեսին մերձմոսկովյան Նովո Օգարյովոյի նստավայրում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը. զրույցի առանցքում անվտանգային հարցերն են:
Ռուսաստանի նախագահը, ողջունելով Նիկոլ Փաշինյանին, նշեց` Ռուսաստան այցի օրակարգը բավական հագեցած է:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Իհարկե, մեր ուշադրության կենտրոնում կլինեն անվտանգության հարցերը, այդ թվում՝ Ղարաբաղի հետ կապված։ Ձեզ հետ համաձայն եմ, խնդիրներ շատ են մնացել։ Մենք Ձեզ հետ անընդհատ կապի մեջ ենք, եթե ոչ` ամեն շաբաթ, ապա ամեն 10 օրը մեկ հաստատ հեռախոսազրույց ենք ունենում։ Եվ պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, չնայած որ համավարակի շրջան է։ Ուրախ եմ ձեզ տեսնել, բարի գալուստ:
Վարչապետն իր հերթին նշեց՝ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են: Փաշինյանի խոսքով՝ Ռուսաստանն առանցքային դեր ունի Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Կուզեի ընդգծել Ձեր բացառիկ դերը 2020 թ. Լեռնային Ղարաբաղում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման գործում: Դրանից հետո ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռային Ղարաբաղում ընդհանուր առմամբ ապահովում է տարածաշրջանի անվտանգությունը:
Վարչապետը հավելեց՝ տարածաշրջանում գլխավոր քաղաքական հարցը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն է։ Վստահություն հայտնեց, որ Վլադիմիր Պուտինի հետ կանդրադառնա այդ հարցին:
Խոսելով օրակարգային մյուս հարցերի մասին` Ռուսաստանի նախագահն ընդգծեց՝ նախատեսվում է փաստաթղթերի ստորագրում, որոնք կհամալրեն երկկողմ բազան: Հայաստանի և ՌԴ-ի միջև արդեն կնքվել է ավելի քան 200 համաձայնագիր, դա ստեղծում է լավ հնարավորություն՝ աշխատելու գրեթե բոլոր ոլորտներում. ամենանշանակալիցը տնտեսականն է:
Վլադիմիր Պուտին - 2021 թվականի մեր տվյալներով ապրանքաշրջանառության աճը եղել է 80 տոկոս։ Այս տարվա առաջին ամիսներին ևս 50 տոկոսով ավելացել է։ Դա շատ լավ ցուցանիշ է այս ժամանակաշրջանում:
Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին հանդիպում կունենա նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան