Դոնբասում սկսվել է Ռուսաստանի լայնածավալ հարձակումը՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը և հավելել, որ այդ հարձակման համար Մոսկվան կենտրոնացրել է բանակի զգալի մասը: «Այս ճակատամարտին Ռուսաստանը երկար է պատրաստվել»,- շեշտել է Վոլոդիմիր Զեկենսկին իր ուղերձում, բայց վստահեցրել նաև, որ ուկրաինական բանակը կռվելու է մինչև վերջ՝ պաշտպանելու այն, ինչն ուկրաինական է:
Զելենսկին խոսել է նաև Եվրամիությանն անդամակցության մասին, ընդգծել՝ Ուկրաինայի պատմության մեջ դա աննախադեպ հնարավորություն կդառնա երկրի վերականգնման և արդիականացման համար: Ուկրաինայի նախագահը նաև պատմական է որակել Եվրամիությանն անդամակցելու կարևոր քայլերից մեկն իրագործելը: Նա մանրամասնել է, որ Կիևը հանձնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենից և Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելից ստացած ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար լրացված հարցաթերթիկը: Իր ելույթում Վոլոդիմիր Զելենսկին կրկին հորդորել է ճնշել Ռուսաստանին պատժամիջոցներով:
ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ուկրաինայի ԶՈՒ-ից հայտնում են, որ ռուսական զորքը շարունակում է հարձակողական գործողությունները Արևելյան գոտում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների տարածքների նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու, ինչպես նաև Ղրիմի հետ ցամաքային միջանցքը պահպանելու նպատակով։
Ուկրաինայի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Ալեքսեյ Շտուպուն հայտնել է, որ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում Ուկրաինայի բանակը հետ է մղել յոթ գրոհ: Ուկրաինական կողմը հայտնել է նաև, որ Ռուսաստանը շարունակում է զենք և զինտեխնիկա տեղափոխել Ուկրաինա:
Ռուսական զորքերն էլ Լվովի շրջանում ոչնչացրել են լոգիստիկ կենտրոն և արտասահմանյան սպառազինության խոշոր խմբաքանակներ, որոնք Ուկրաինա են առաքվել ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից, հայտնել է պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: Նրա խոսքով՝ այնտեղ եղել են արտասահմանյան սպառազինության խոշոր խմբաքանակներ, որոնք ԱՄՆ-ը և եվրոպական երկրները փոխանցել են Ուկրաինային վերջին վեց օրվա ընթացքում:
ԱՄՆ-Ը ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿՍԱՀՄԱՆԻ ՌԴ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ
Ռուսաստանի դեմ սահմանվող նոր պատժամիջոցների մասին մի քանի օրից կհայտարարի Վաշինգտոնը: Սպիտակ տունը նշել է, որ կշարունակի ուսումնասիրել Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների համար լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հարցը, ինչպես նաև գործող պատժամիջոցները խստացնելու ուղիները՝ հայտարարել է Սպիտակ տան խոսնակը: Ջեն Սակին խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կավելացնի Ռուսաստանը ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկում:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն այսօր տեսակապով կզրուցի ԱՄՆ-ի դաշնակից և գործընկեր երկրների ղեկավարների հետ: Քննարկման հիմնական թեման է լինելու ՌԴ-ի դեմ ուղղված միջոցների համակարգումը և Ուկրաինային աջակցելու հարցը: Զրույցը տեղի կունենա մամուլի համար փակ ռեժիմով:
ԻՍՐԱՅԵԼԸ ՀԱՐՎԱԾԵԼ Է ՀԱՄԱՍ-Ի ԶԻՆԱԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԻՆ
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինագործական արտադրամասին: Երեկ հայտնաբերվել է Գազայի հատվածից արձակված հրթիռ, որը խափանվել է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգով: Իսրայելը ՀԱՄԱՍ շարժումը համարում Է «պատասխանատու ցանկացած ահաբեկչական գործողության համար, որի աղբյուրը Գազայի հատվածն Է»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: