Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը խորհրդարան է եկել նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի տարեկան զեկույցով: Հայաստանում պաշտպանի ինստիտուտի պատմության ընթացքում առաջին դեպքն է, երբ Մարդու իրավունքների նորընտիր պաշտպանը խորհրդարանում ներկայացնում է ոչ թե իր, այլ լիազորություններն ավարտած Պաշտպանի տարեկան հաղորդումը: Մյուս երեք պաշտպանները հրաժարական են տվել պաշտոնավարման ժամկետի ավարտից շուտ, ու նրանց հաջորդած գործընկերներն են շարունակել զեկույցը:
Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Ինստիտուտի զարգացման տեսանկյունից խիստ կարևոր է, որ ընտրված հաջորդ Պաշտպանը մաքսիմալ ջանասիրությամբ ներկայացնի իր նախորդի տարեկան հաղորդումը Ազգային ժողովում, ինչպես պահանջում է օրենքը:
Պաշտպանի աշխատակազմը նախորդ տարի ինտենսիվ աշխատել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի ռազմական հանցագործությունների փաստերի հավաքման և դրանք միջազգային կառույցներին ներկայացնելու ուղղությամբ: Զեկույցում արձանագրված է՝ ադրբեջանական հայատյացությունն ու թշնամանքը, իսկ էթնիկ զտումների սպառնալիքն այսօր էլ վերացած չեն:
Քրիստիննե Գրիգորյան - Գերիների ու պահվող քաղաքացիական անձանց չվերադարձման, նրանց թվի խեղաթյուրման, հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով իրականացվող արհեստական դատավարություններ կազմակերպելու և տիրաժավորելու ադրբեջանական գործելակերպերը մանրամասն վերլուծված և իրավական գնահատական են տրված հաղորդմամբ:
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը 2021 թվականի ընթացքում դժգոհել էր Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» աշխատանքից՝ պատճառաբանելով, թե իր գործունեությունը լրատվականը լուսաբանում է ոչ լիարժեք: Այդ մասին Թաթոյանը հիշատակել է նաև տարեկան զեկույցում: Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց՝ արդյոք նույն դժգոհությունն ունի նաև նոր պաշտպա՞նը:
Քրիստիննե Գրիգորյան - Շուրջ երկու ամիս է՝ ինչ պաշտոնավարում եմ, շատ վաղ է որևէ հետևության գալու համար: Բայց ինքս առաջին հերթին հանդիպել եմ ՀՌՀ նախագահի հետ հենց այս խնդիրները լուսաբանելու և քննարկում կազմակերպելու առաջարկով: Ես ներկայացրել եմ նաև մտահոգությունները, նպատակս եղել է հաստատության համար որևէ խոչընդոտ չստեղծելու կամ, եթե այդպիսիք կան, այդ խոչընդոտները հաղթահարելու մասով:
Գործող իշխանությանն էլ Արման Թաթոյանը մեղադրել է Պաշտպանի գործունեության անկախության անհրաժեշտ մակարդակ չապահովելու համար:
Քրիստիննե Գրիգորյան - Դրանցից մեկը վերաբերել է հաստատության ֆինանսական անկախության երաշխիքի վերացմանը: Այս մասին մանրամասն անդրադարձ է կատարել Պաշտպանը տարեկան հաղորդման մեջ: ՄԻՊ-ի գործունեությանը խոչընդոտող մեկ այլ արատավոր երևույթ պաշտպանի կողմից նշվել է՝ իր հասցեին՝ իր գործունեության իրականացման կապակցությամբ գլխավորապես կեղծ էջերից կամ օգտահաշիվներից կազմակերպվածության բարձր աստիճանի ատելության կամ վիրավորանքի, ինչպես նաև ակնհայտ կեղծ կամ սխալ տեղեկությունների տարածումը:
Անդրադառնալով զեկույցում պետական համակարգի վերաբերյալ Թաթոյանի բարձրացրած խնդիրներին և Քրիստիննե Գրիգորյանի կողմից դրանց ներկայացմանը՝ Թովմասյանը նաև շահերի բախման մասին ակնարկեց՝ հիշելով, որ մինչև Պաշտպանի պաշտոնը ստանձնելը Գրիգորյանը արդարադատության փոխնախարարն էր:
Թագուհի Թովմասյան (ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Դուք նախկինում քաղաքական պաշտոն եք զբաղեցրել և կրել եք քաղաքական պատասխանատվություն այն բոլոր երևույթների համար, որոնք այսօր հնչեցրեցիք Պաշտպանի կողմից, որը քննադատաբար տրամադրվածություն ուներ և քննադատություն կար:
Քրիստիննե Գրիգորյան - Ես Ազգային ժողովի առջև տրված իմ երդմամբ թոթափել եմ այն բոլոր կաշկանդվածությունները, որ ունեցել եմ որպես գործադիր մարմնի ներկայացուցիչ Պառլամենտի առաջ: Եվ մեծ ջանասիրությամբ եմ վերաբերվում նախորդ Պաշտպանի զեկույցը ներկայացնելու հարցերին:
Ելույթների փուլում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց՝ ՄԻՊ-ի տարեկան հաղորդումները կարևոր են խորհրդարանական վերահսկողության իրականացման համար: Սակայն շեշտեց՝ դրանք պետք է լինեն անաչառ:
Արթուր Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Տարեկան հաղորդման զեկույցում տեսա որոշակի դիտարկումներ, եզրակացություններ, որոնք առնվազն չունեն հիմնավորումներ և պրակտիկ կյանքում, առնվազն, չեն հիմնավորվել, սակայն դրանք տեղ են գտել հաղորդման մեջ՝ լինելով արդեն չհիմնավորված: Եվ ես հույս ունեմ, որ մենք այսուհետև ձեր պաշտոնավարման շրջանում չենք ունենա հաղորդումներ, որոնք կթողնեն քաղաքական ուղղվածությունների հետ որոշակի կապ ունենալու տպավորություններ:
Քննարկման ավարտին հանձնաժողովի նախագահն անդրադարձավ Ազատության հրապարակում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի նստացույցին և ապրիլի 17-ին քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներին: Քրիստիննե Գրիգորյանը հայտնեց՝ ոստիկանության կողմից 5 քաղաքացու բերման ենթարկելուց անմիջապես հետո ՄԻՊ աշխատակազմը կապ է հաստատել ոստիկանության հետ:
Քրիստիննե Գրիգորյան - Հաջորդ օրն առավոտյան մենք լրացուցիչ գրությամբ պարզաբանումներ ենք պահանջել ոստիկանությունից: Այն պայմաններում, երբ Պաշտպանին որևէ բողոք չէր ներկայացվել, սակայն մենք ինքներս պրոակտիվ ձևով հետևում ենք պրոցեսին և կարծում ենք, որ բոլոր պայմանները պետք է ստեղծվեն, որպեսզի ապահովեն հավաքի մասնակիցների իրավունքների իրացումը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կայցելի նաև նույն վայրում հացադուլ հայտարարած երկու երիտասարդին: Նրանց կփոխանցեն Գրիգորյանի կոչը՝ դադարեցնել հացադուլը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան