Սանմաքրումը մեր քաղաքում խնդիր է: Այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտնեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:
«Եթե ասենք, որ մենք կատարյալ ծառայության մեջ ենք, ոչ: Տեսնում ենք վիճակը: Ինչո՞ւ ենք ավելացնում հավաքարարների թվաքանակը: Եթե ինձ հարցնեիք՝ քանի՞ հավաքարար է պետք քաղաքին, առանց զավեշտի, շատ լուրջ կասեի՝ 1 միլիոն 100: Ամեն երևանցու հետևից մի հավաքարար է պետք: Սա ասում եմ ցավով:
Առավոտյան ժամը 5:30-ից սկսում ենք սանմաքրումը՝ մայթեր, փողոցներ, կեսօրին անցեք կամայական փողոցով ու կտեսնեք նորից աղբի մեջ կորած քաղաք: Ընդամենը 4-5 ժամում քաղաքը վերածվում է աղբանոցի, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ձեռքին եղածն անխնա նետում է»,- ասաց Արեյանը:
Նրա խոսքով՝ քաղաքում կա բավարար աղբաման, բայց չկան բավարար դաստիարակություն, պատասխանատվություն ու սրտացավություն: