Մայրաքաղաքում կա բավարար աղբաման, բայց չկան սեփական քաղաքի հանդեպ բավարար դաստիարակություն, պատասխանատվություն ու սրտացավություն՝ մտահոգությունը ավագանու նիստում բարձրաձայնեց Երևանի քաղաքապետի խորհրդականը: Կամո Արեյանը ներկայացրեց աղբահանության և սանիտարական մաքրման մասին որոշումը փոփոխության ենթարկելու մասին նախագիծը՝ առաջարկելով փոխել հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թիվը, նաև՝ հաստիքացուցակը:
Կամո Արեյան (Երևանի քաղաքապետի խորհրդական) - Առանձնացվել են այն ստորաբաժանումները, որոնց զբաղեցնող հաստիքները բերվել են մեկ բաժնի մեջ, կառավարվելու է մեկ բաժնի պետի կողմից, ու վերանալու է ֆունկցիոնալ ցրվածությունը, որը բերում էր անպատասխանատվության:
Այս պահին 853 հաստիք կա: Արեյանի խոսքով՝ վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ համալրված են միջինում 760-ը, մոտ 90-ը գրեթե միշտ թափուր են: Ավագանու անդամների հարցին՝ որտեղից գումար, որ հաստիքներ են ավելանում, Արեյանը պարզաբանում է՝ փոփոխությունը 2022-ի քաղաքային բյուջեի վրա բեռ չի լինի, անհրաժեշտ հաստիքները կլրացվեն թափուր հաստիքների ու բազմաբնակարան շենքերի աղբախցերի փակման արդյունքում գոյացած տնտեսումների հաշվին: Այս ընթացքում բազմաբնակարան շենքերի գործող 3415 աղբախցի ավելի քան 90%-ը փակվել է, արդյունքում՝ նախատեսված ծախսը կրճատվել է ավելի քան 10 անգամ:
Կամո Արեյան - Ինտենսիվ այս փակման գործընթացը բերել է նրան, որ առաջին եռամսյակում ծախսվել է 15 մլն, երկրորդում՝ 11 մլն: Պատկերացրեք տնտեսական էֆեկտը, այս պահին 391 մլն տնտեսում ունի, մինչդեռ ավելացվող հաստիքները մեզնից կպահանջեն 338 մլն:
Մաքրուհիների հաստիքների ավելացման փոխարեն ինչո՞ւ համապատասխան աշխատանքը չի ավտոմատացվում՝ հետաքրքրվեց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը: Արեյանը հստակեցրեց՝ մեր երկրում փոշեկուլներ կան, բայց դրանք փողոցների մաքրման նպատակով են օգտագործվում, մայթերի վրա աշխատանքը արդյունավետ չէ:
Կամո Արեյան - Դրա համար դրսում մայթերի վրա մարդիկ այդքան ծանրաբեռնվածություն չեն անում, որովհետև չեն աղտոտում, մեր ամբողջ խնդիրը աղտոտելու մեջ է:
Արդյոք հաստիքացուցակի համալրումը կնպաստի, որ բակային հատվածներում ևս մաքրությունը ավելի պատշաճ մակարդակի լինի՝ հետաքրքրվեց ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը: Քաղաքապետի խորհրդականը մանրամասնեց՝ բակերում մաքրությունը կշարունակվի, բայց հիմա քննարկման փուլում է՝ բակային տարածքների մաքրումը միայն մաքրուհիների վրա չթողնելու հարցը: Աղբահանության խնդրի մասին էլ «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը բարձրաձայնեց, ընդգծեց՝ այս ուղղությամբ աշխատանք իհարկե արվում է, բայց միայն դատարկվում են աղբամանները, դրան հաջորդող մաքրման աշխատանքը թերի է:
Թեհմինա Վարդանյան (Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ) - Սա նաև վարչակազմի ղեկավարների ու աշխատակազմի, սուպերվայզերների խնդիրն է, ու 4 աշխատակիցը, որ ավելացվելու են, պետք է վերահսկեն, իրականում կա թափթփված աշխատանք:
ՎՃԱՐՈՎԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԸ ԿԱՊՈՒՅՏ ԿՆԵՐԿՎԵՆ
Բարենպաստ եղանակային պայմանների դեպքում 10 օրից Երևանում վճարովի կայանատեղիները կներկվեն կապույտ գույնով՝ հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատարը: Ըստ Հայկ Սարգսյանի՝ արդեն հաստատված նախագիծը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի առաջարկով է շրջանառության մեջ դրվել:
Հայկ Սարգսյան (Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար) - Քաղաքացիներն արդեն գույնով կկարողանան տարբերակել՝ տվյալ կայանատեղին ծառայողակա՞ն է, թե՞ ընդհանուր հիմունքներով օգտագործվող վճարովի կայանատեղի:
Երևանի ավագանին այսօրվա նիստում նաև հաստատեց, որ Կենտրոնի Մայիսյան փողոցն անվանափոխվելու է թատրոնի և կինոյի անվանի դերասան Խորեն Աբրահամյանի անունով: