Ապրիլի 12-ին՝ ժամը 17.00-ին, քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով տարածքային ստորաբաժանումների գործընկերների հետ, իրացրել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած հերթական օպերատիվ տվյալները։
Արդյունքում Քրիստափորի փողոցում հայտնաբերվել և կասկածանքով բերման է ենթարկվել 39-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է՝ մեթամֆետամինի 13 փաթեթ՝ ընդհանուր 8 գրամից ավելի քաշով, և մոխրացված հետքերով կաթուցիչ: Տղամարդու հայտնածով՝ թմրամիջոցը ձեռք էր բերել Տելեգրամ հավելվածի միջոցով և պատրաստվում էր տեղադրել Երևանի տարբեր վայրերում։ Նա ոստիկաններին ներկայացրել է նաև մոտ 2 գրամ նույն զանգվածով 2 փաթեթ, որոնք արդեն տեղադրել էր Սևանի փողոցում։
Փաստի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվել են։ Կարճ ժամանակում պարզվել է տղամարդուն թմրամիջոց իրացրած, այսպես ասած՝ «պատվիրատուի» ինքնությունը։ Ապրիլի 13-ին՝ ժամը 17.15-ին, Սարի թաղում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել 26-ամյա մի տղամարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 2 գրամից ավելի քաշով դեղնականաչավուն զանգված: Համալիր քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ իրավապահները հիմնավորել են, որ վերջինս Տելեգրամի միջոցով 39-ամյա տղամարդուն պարբերաբար թմրամիջոց է իրացրել:
Բերման ենթարկվածները ձերբակալվել են: Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն։