ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ուկրաինայում սկսվում է հատուկ ռազմական գործողության հաջորդ փուլը՝ ուղղված Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ամբողջական ազատագրմանը՝ India Today-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:
Սերգեյ Լավրովի խոսքով՝ հատուկ ռազմական գործողությունը հասել է շատ կարևոր հանգրվանի: Լավրովի խոսքով՝ իր երկիրն այս փուլում դիտարկում է միայն սովորական սպառազինության կիրառման տարբերակը: Խոսելով ռուս-ուկրաինական բանակցությունների մասին՝ Լավրովը հայտարարել է, որ Կիևը չի գնահատել Ստամբուլի բանակցություններից հետո Ռուսաստանի կատարած «բարի կամքի ժեստը»՝ փոխել Ուկրաինայում զորքերի դիրքավորումը:
«Կիևը չգնահատեց այդ կարևոր քայլը, փոխարենը բեմադրեց Բուչայի դեպքերը»,- նշել է Լավրովը: Հարցազրույցի ընթացքում Ռուսաստանի գլխավոր դիվանագետը հայտարարել է նաև, որ Արևմուտքը դավաճանել է Զելենսկուն: «Նրանք պարզապես օգտագործեցին Զելենսկուն Ռուսաստանի դեմ»,- կարծում է Սերգեյ Լավրովը:
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ընթացքին է անդրադարձել Ռուսաստանի պաշտպանության նախարարը: Ռուսաստանի զինված ուժերը հետևողականորեն կատարում են Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ազատագրման ծրագիրը, զինվորականները ցուցաբերում են խիզախություն և հերոսություն մարտական առաջադրանքներ կատարելիս՝ ռազմական գերատեսչության կոլեգիայում հայտարարել է Սերգեյ Շոյգուն: Նրա խոսքով՝ արևմտյան երկրներն ամեն ինչ անում են Ուկրաինայում ռազմական գործողությունը ձգձգելու համար: Դրա ապացույցը, ըստ Շոյգուի, ԱՄՆ-ից և դաշնակից այլ երկրներից զինամթերքի մատակարարման ծավալների աճն է:
ԵՄ-ԻՑ ԶԵՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՉԻ ՆՊԱՍՏՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇԱՐՈՒՆԱԿՄԱՆԸ
Եվրամիության կողմից Ուկրաինային զենքի տրամադրումը չի նպաստում պատերազմի շարունակմանը: Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն հայտարարել է, որ Եվրամիությունից Ուկրաինային ավելի շատ զենք տրամադրելը ոչ թե պատերազմի ձգձգում է նշանակում, այլ օգնություն երկրի պաշտպանությանը։
Լրագրողի հարցին, թե արդյոք Ռուսաստանին կարելի է հաղթել մարտի դաշտում, ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, Ստանոն պատասխանել է, որ այդ հարցերը պետք է քննարկվեն սեղանի շուրջ: «ԵՄ-ն կօգնի Ուկրաինային, կշարունակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և Ռուսաստանի միջազգային մեկուսացումը»,- հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը:
ՌԴ-Ի ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԾԱՆՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է. ՄԱԿՐՈՆ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է նշել Ուկրաինայի վերաբերյալ կարմիր գծերը, քանի որ դա կարող է հանգեցնել հակամարտության մեջ Փարիզի ներգրավմանը: «Այսօր կարմիր գծերի մասին խոսելը նշանակում է միաժամանակ մատնանշել, թե որոնք են այն գործողությունները, որ մենք պատրաստ ենք ձեռնարկել, որոնք են մեր նպատակները, և թե որոնք են լինելու հակամարտության մասնակցի վերածվելու և Ռուսաստանի հետ փաստացի պատերազմի մեջ մտնելու հետևանքները»,- ասել է Մակրոնը France 5 հեռուստաալիքի եթերում:
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ մտնելը նշանակում է պատերազմել միջուկային տերության դեմ, ինչը ծանր պատասխանատվություն է: Ուստի նա ընդգծել է զգուշավոր մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը և կոչ է արել՝ գործելու միջազգային իրավունքի շրջանակներում: Միևնույն ժամանակ Մակրոնը պատրաստակամություն է հայտնել շարունակելու Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունը:
ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼԸ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ
Թուրքիան շարունակում է իր ռազմավարական նպատակը համարել Եվրամիությանն անդամակցելը և կառույցից հստակ քայլեր է ակնկալում՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը:
«Ուկրաինայի վերջին իրադարձությունները հստակ ցույց տվեցին Թուրքիայի կարևորությունը ՆԱՏՕ-ում։ Պատերազմի բացասական գլոբալ հետևանքները ցույց տվեցին Թուրքիայի ռազմավարական նշանակությունը նաև Եվրամիության համար, հատկապես՝ անվտանգության և էներգետիկայի ոլորտներում»,- նշել է Էրդողանն ու ընդգծել, թե Անկարան ակնկալում է, որ ԵՄ-ն կձեռնարկի հստակ և նշանակալի քայլեր՝ հիմնված Թուրքիայի լիիրավ անդամակցության հեռանկարի վրա: