44-օրյա պատերազմի հետևանքով Կովսականից տեղահանված Քարամյանների ընտանիքը ժամանակավոր բնակվում է Խարբերդում: 1997-ին որոշեցին Եղեգնաձորից տեղափոխվել Քաշաթաղ: 2020-ի հոկտեմբերին ստիպված թողեցին Կովսականը, այնտեղ հիմնած մեծ տնտեսությունը՝ արքայանարնջի 3 հա այգին, անասունները, մեղուները, 30 գոճիները:
Սերոբ Քարամյան (Արցախից տեղահանված) - Որոշել ենք որևէ բիզնես ստեղծել, իհարկե, որտեղ մեզ կվիճակվի բնակարան ունենալ, էնտեղի պայմաններից, կլիմայից ելնելով՝ գյուղատնտեսական ինչ-որ բան հիմնենք, թե՞ առևտրով զբաղվենք, անպայման մի բիզնես կդնենք, որ գոյատևենք, ապրենք:
Սուրեն Քարամյանը Կովսականի ղեկավարն էր, հիմա զբաղվում է համայնքից տեղահանված մարդկանց խնդիրներով, համակարգում աջակցության ծրագրերը: Կարևորում է Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար մատչելի բնակարանի ապահովման Հայաստանի Կառավարության ծրագիրը, վստահ է՝ կարիքը մեծ է, շատերը կդիմեն:
Սուրեն Քարամյան - Երևի տեղահանվածների 90 տոկոսը չունի սեփական բնակարան, բոլորը վարձով են մնում, ինձ էլ զանգում են, դիմում են՝ վարձս չեմ կարում տամ, ում դիմեն: Գումարը քիչ ա, ամեն դեպքում էլի շնորհակալ ենք, որ գոնե երկրի էս վիճակում կարողանում են մեզ աջակցել:
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սկսել է ընդունել Արցախում, Հայաստանի մարզերում և Երևանում տուն ձեռք բերելու շահառուների դիմումները: Աջակցություն կտրամադրվի ավելի քան 3000 ընտանիքի: Փոխնախարար Խաչատրյանն ընդգծում է՝ սա ոչ թե փոխհատուցում է, այլ առաջնային կարիքի՝ բնակարանի ապահովման պետական աջակցություն: Շահառուն ինքն է ընտրելու բնակարանը, պետությունը, ըստ ժամանակացույցի, մարելու է վարկի մայր գումարն ու տոկոսն ամբողջությամբ:
Դավիթ Խաչատրյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Մարզերի դեպքում մինչև 10 մլն՝ մայր գումարի համար, մարզերում՝ մինչև 10 տոկոս տոկոսադրույք, Արցախում՝ 12 մլն, համապատասխանաբար, 12 տոկոս, Երևանում՝ 8 մլն, 8 տոկոս:
Շահառուն կվճարի միայն կանխավճարը՝ Արցախում բնակարան գնելիս՝ 1, մարզերում՝ 5, Երևանում՝ 10 տոկոս: Ֆինանսավորման չափի տարբերության պատճառն այն է, որ խրախուսվում է Արցախում անշարժ գույքի ձեռքբերումը, վերադարձը Արցախ: Մարզերում բնակվելու դեպքում նրանք կկարողանան կրկին զբաղվել գյուղատնտեսությամբ: Շահառու կարող են լինել 2020-ի սեպտեմբերի 27-ի դրությամբ Արցախի առանձին շրջաններում հաշվառված և վերջին 3 ամսում փաստացի բնակված, հաշվառում չունենալու դեպքում՝ վերջին 3 տարում փաստացի բնակված ընտանիքները: Չեն կարող դիմել, եթե Արցախում իրականացվող բնակապահովման որևէ ծրագրի շահառու են:
Դավիթ Խաչատրյան - Պոտենցիալ շահառուն դիմում կներկայացնի էլեկտրոնային եղանակով մեր կայքում, դիմումի հետ կապված հարցում կանենք Արցախի կառավարության համապատասխան մարմնին, կհաստատի Արցախում բնակված լինելու, ծրագրի շահառու լինելու չափանիշները, հաստատվելու դեպքում կտրամադրենք սերտիֆիկատ: 10 տարվա համար մինչև 40 միլիարդի կարող է հասնել:
Եթե վարկը չի գերազանցում սուբսիդավորվող գումարի սահմանաչափը, բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկունակության գնահատում չեն իրականացնելու, շահառուից որևէ փաստաթուղթ չի պահանջվելու: Ցանկության դեպքում շահառուն կարող է գումար ավելացնել պետական աջակցությանը, վարկի միջոցով ավելի թանկ տուն գնելու դեպքում, սակայն ինքը կմարի բանկից վերցված գումարը: Հիփոթեքային շուկայում ակտիվ բանկերի, ֆինանսավարկային կազմակերպությունների հետ եղել են քննարկումներ, նախարարությունը կկնքի պայմանագիր:
Դավիթ Խաչատրյան - Մեծ կարևորություն ունի մեզ համար, պետության համար, էս մարդիկ բնականոն կյանքը պատերազմի հետևանքով բաց են թողել: Պատերազմի հետևանքով սոցիալական խումբ է առաջացել, որի մասով պետությունը միջոցներ կձեռնարկի:
Նարինե Վարդանյան (Արցախից տեղահանված) - Կովսականում կազմակերպիչ էի, զուգահեռ բնագիտություն էի դասավանդում: Կուզեմ էստեղ լավ պայմաններում դպրոց գնան, ապրեն, թողել ենք էնտեղ ամեն ինչ: Քաղաք չեմ սիրում, ազնվությամբ՝ կուզեի մարզերում, գյուղում ունենայի, տնտեսությունը զարգացնեինք:
Կես կատակ նշում են՝ հուսով են՝ կլուծվի նաև մանկապարտեզի հարցը, Նարեն խաղերից չի շեղվի ու այլևս չի բողոքի: