Արծվաբերդի վարելահողերի ներքին գոտում ավելի տաք է, և աշնանացան հացահատիկի ցանքերն արդեն ալիքվում են: Ազատ Դուրյանը ամեն օր հետևում և գոհ է հասկի աճից, եթե եղանակը անակնկալներ չմատուցի, միակ վտանգը կրծողներն են:
Ազատ Դուրյան (Բերդ համայնքի Արծվաբերդ գյուղի բնակիչ) - Կրծողների դեմ պայքարում ենք, շատ են վնասում, կանաչ մասը ուտում են, ցողունը կտրում, բերք չի տալիս:
Իսկ բերք այս տարի սպասում է նախորդից շատ՝ 10 տոննայով ավելի: Գյուղի ամենաշատ ցորենի ցանքը Դուրյաններինն է՝ 4 հա-ից ավելի: Իր 35 տարեկան տրակտորով հասցնում է ոչ միայն սեփական, այլև գյուղացիների հողամասերի վարուցանքը, միշտ սարքին վիճակում է պահում:
Ազատ Դուրյան - Էս ա իմ տեխնիկան, իմ երեսը պարզ անողը էս ա:
Բերդ խոշորացված համայնքի ամենամեծ գյուղը հացահատիկի շտեմարան են համարում, ամենաշատ ցանքերը Արծվաբերդում են: 800 հա վարելահողերից 300-ը ցորենն է զբաղեցնում, այստեղ ավանդաբար առաջատար մշակաբույսն է: Գյուղի վարչական ղեկավարի խոսքով՝ անցած տարի երաշտից բերքի կորուստ ունեցան, այս տարի սպասելիքները ավելին են, նախորդ տարվա 300 տոննան 100-ով կգերազանցի:
Օնիկ Բալյան (Բերդ համայնքի Արծվաբերդ գյուղի վարչական ղեկավար) - Էս պահի դրությամբ գերազանց ա, որ սենց շարունակվի, երաշտ-բան չլինի, շատ լավ ա լինելու ցորենը: Վերևի զոնայում շատ լավ ա, խոնավությունը շատ ա, ներքևի զոնայում պարտադիր պետք ա պարարտանյութ տանք: Մի քիչ պարարտանյութն ա թանկ, չնայած պետությունը սուբսիդավորում ա:
Ամռան կեսին կսկսվի բերքահավաքը: Գյուղտեխնիկայի պակաս չունեն:
Օնիկ Բալյան - Համայնքը խոշորացվել է, ունենք մեկ կոմբայն՝ նոր, 2 տարեկան է, քանի որ արտերը ամենաշատը մերն ա, կողքի գյուղերից կոմբայնները գալիս են, մեզ օգնում հացահատիկը հավաքելու ժամանակ:
Հացառատ գյուղը երբևէ հացի խնդիր չի ունեցել, բերքի մի մասը սովորաբար վաճառում են, մնացածը՝ ամբարում նեղ ու լայն օրերի համար: