Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված՝ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները կարող են ևս ընդգրկվել վերաինտեգրման ծրագրում: Պահանջներին համապատասխանելու դեպքում նրանք 6 ամիս 60 հազար դրամի չափով բնակվարձի փոխհատուցում կստանան:
Նելլի Դավթյան (ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու) - Արդեն ունենք Ուկրաինայից վերադարձած մեկ ընտանիք, որն ընդգրկվել է ծրագրում: Իհարկե այս մարդիկ ամենևին էլ դեպորտի պրոցեսի միջով չեն անցել, բայց կամավոր վերադարձի նման մի պրոցես է ընթանում: Բնականաբար, սա կատարվում է երրորդ երկրի միջոցով:
Եթե ՀՀ քաղաքացին Ուկրաինայից Հայաստան է վերադարձել երրորդ երկրով, կարող է օգտվել վերաինտեգրման ծրագրից, եթե ընտանիքում կա հաշմանդամություն ունեցող անձ կամ 4 և ավելի զավակ: Իսկ առհասարակ այս ծրագիրը միայն հարկադիր կամ կամավոր վերադարձող ընտանիքների համար է: Պետությունն առաջնային աջակցության վերաինտեգրման այս ծրագիրն իրականացնում է 2019-ից:
Նելլի Դավթյան - Մինչ այդ այս ընտանիքներին վերաինտեգրման հարցում աջակցում էին հասարակական, միջազգային հատվածի գործընկերները, սակայն փաստաթղթաբանությունը երկար էր տևում, և, այնուամենայնիվ, մարդիկ, որոնք հրատապ աջակցության կարիք ունեին, կարծես այդ բացը նկատելի էր:
Տարեկան ծրագիրը շուրջ 40 շահառու է ունենում: Այս տարի Ռուսաստանից վերադարձած 4 անձ արդեն ընդգրկվել է: Ծրագրով ընտանիքները կարող են նաև խորհրդատվական բնույթի աջակցություն ստանալ: 2022 թ․ հունվար-մարտին Հայաստանը ստացել է ընդհանուր 171 հայց, 67%-ի պարագայում ՀՀ քաղաքացիությունը հաստատվել է։ Ամենաշատ հայցերը ստացվել են Գերմանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից: Միգրացիոն ծառայությունից շեշտում են՝ ծրագիրն իրականացվում է առավել խոցելի խմբերի համար: Վերադառնում են ՀՀ քաղաքացիները, որոնք կարիքի մեջ են, և պետությունը պարտավորություն ունի նրանց աջակցելու:
Նելլի Դավթյան - Եվրոպական միության պատմության ընթացքում առաջին անգամ ակտիվացել է անօրինական միգրացիայի դեմ պայքարի համատեքստում և զանգվածային ներհոսքերի պայմաններում մի դիրեկտիվ, ըստ որի Ուկրաինայի քաղաքացիները, որոնք մեկնում են Եվրոպական միության այս կամ այն երկրի տարածք և հայցում են միջազգային պաշտպանություն, մեկ տարվա աջակցություն են ստանում այնտեղ օրինական հիմունքներով բնակվելու, այդ թվում կարող են լինել էթնիկ պատկանելությամբ հայեր:
Սակայն երրորդ երկրի քաղաքացիները, որոնք մշտական կամ ժամանակավոր կացության կարգավիճակ ունեն, Եվրոպական միության երկրներ մեկնելիս հնարավոր է չունենան միջազգային պաշտպանություն:
Նելլի Դավթյան - Այն ՀՀ քաղաքացիները, ովքեր դուրս են եկել Ուկրաինայից և ակնկալում են միջազգային պաշտպանություն Եվրոպայում, իրենք պետք է նկատի ունենան, որ պետք է ապացուցեն, որ չեն կարող վերադառնալ ՀՀ:
Եթե ոչ, ապա վաղ թե ուշ նրանք հարկադիր վերադարձվելու են հայրենիք: